Ագրովերամշակում

agroveramshakumՀայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը  կարևորվում է նաև գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով և նպաստում է պարենային, տնտեսական անվտանգության և ագրոպարենային շուկայի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է ազգաբնակչությանն անվտանգ, որակյալ մթերքների երաշխավորված ու կայուն մատակարարումը:

 

Տնտեսական բարեփոխումների սկզբին հաջորդող` ագրարային բարեփոխումների առաջին փուլում, Հայաստանը հայտնվել էր տնտեսական շրջափակման մեջ, և ագրովերամշակող արդյունաբերության կազմակերպությունները հիմնականում դադարեցրել էին իրենց գործունեությունը:

Սկսած 1998 թվականից, մասնավոր հատվածի լրացուցիչ ներդրումների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, զգալիորեն բարելավվել է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության վիճակը:

 

Ներկայումս հանրապետության գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններն աստիճանաբար հարմարվում են շուկայական տնտեսության պայմաններին: Նշված ձեռնարկություններն իրենց առջև խնդիր են դրել բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու թողարկվող արտադրանքի մրցունակությունը և դիվերսիֆիկացնել արտադրությունը: Որոշ զարգացող ընկերություններ հաջողությամբ մրցում են ինչպես ներքին և ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում և ներդրումներ են կատարում արտադրության հետագա զարգացման համար:

 

Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտահանման ծավալների աստիճանական ավելացումն որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:

 

Ըստ գնահատականների Հայաստանի Հանրապետությունում  գործում է շուրջ 1600 սննդամթերք արտադրող ձեռնարկություն, այդ թվում՝

 

         – պտուղբանջարեղենի վերամշակում՝ շուրջ 40 ձեռնարկություն, որոնցից 7-ը համեմատաբար խոշոր («Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ը, «Արարատ սննդի կոմբինատ», «Բորոդինո» հայկական պահածոների գործարան ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «ՄԱՊ», «Երևանի գարեջուր», «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 250 հազար տոննա պտղի և բանջարեղենի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1497 հոգի:

         – չորացրած մթերքի և համեմունքների արտադրությամբ զբաղվող շուրջ 350 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնցից 6-ը միջին («Չիր», «Ավելիաց», «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ներ, «Արմեն Մանուկյան», «Հասմիկ Միրզոյան» ԱՁ-ներ, «Վայք Գրուպ» ՓԲԸ), իսկ մյուսները` գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 15.0 հազար տոննա պտղի և բանջարեղենի վերամշակում: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 880 հոգի:

         – խաղողի վերամշակում՝ շուրջ 50 ձեռնարկություն, որոնցից 12-ը համեմատաբար խոշոր («Երևանի կոնյակի գործարան», «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ներ, «Երևանի Արարատ կոնյակի- գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Պռոշյանի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Շահումյան վին», «Գինու կոնյակի տուն «Շահնազարյան», «Ա.Կ.Զ.» «Սամկոն», «Արմենիա վայն գործարան», «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 265 հազար տոննա խաղողի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 2820 հոգի:

         – կաթի վերամշակում՝ շուրջ 69 ձեռնարկություն, որոնցից 12-ը համեմատաբար խոշոր («Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Բոնիլատ», «Դուստր Մարիանա», «Մուլտի ագրո» գիտա-արտադրական կենտրոն», «Արզնի կաթ», «Թամարա և Անի», «Բիոկաթ», «Չանախ», «Դուստր Մելանիա», «Իգիթ» ՍՊԸ-ներ, «Արաքս-2» ԱԿ և այլ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 490 հազար տոննա կաթի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1900 հոգի:

        – մսի վերամշակում՝ շուրջ 65 ձեռնարկություն, որոնցից 15-ը համեմատաբար խոշոր, որոնցից են՝ «Նատալի ֆարմ», «Բեկոն պրոդուկտ», «Բարի Սամարացի», «Նատֆուդ»,     «Ա. Բիլյան», «Աթենք», «ԱՌ Դելիկատես», «Մուշ» ՍՊԸ-ներ, «Արարատ» ԱԿ: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 50 հազար տոննա մսի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1980 հոգի:

        – սպանդանոցներ՝ շուրջ 20 սպանդանոց, բոլորն էլ փոքր: Բացի այդ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում  ՀՀ Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու և Կոտայքի մարզերում առաջիկայում շահագործման կհանձնվի 5 սպանդանոց, որոնց ընդհանուր հզորությունը մեկ հերթափոխում կկազմի 109 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 154 գլուխ խոզ և 384 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Սպանդանոցները գրեթե չեն գործում կամ գործում են չնչին հզորությամբ, քանի որ կենդանիների սպանդանոցային մորթը հանրապետությունում դեռևս պարտադիր չէ: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 90 հոգի:

       – ալրաղաց՝ շուրջ 60 ձեռնարկություն, որոնցից 12-ը խոշոր («Ալեքս Գրիգ», «Մանանա Գրեյն», «Մանչո Գրուպ», «Թալգրիգ», «Գրանդ Քենդի» ՀՁ, «Ատ Գրեյն» ՍՊԸ-ներ, «ՎՏ Թրեյդ» ՓԲԸ և այլ) և միջին, մյուսները փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 400 հազար տոննա ալյուրի արտադրություն: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1500 հոգի:

        – ձկնամթերքի արտադրություն՝ 8 ձեռնարկություն, որոնցից 5-ը համեմատաբար խոշոր («Յունիֆիշ», «Մխչյան Ֆիշ», «Էկոֆիշ թրեյդ», «ԲԱԿՍՍ», «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 5 հազար տոննա ձկնամթերքի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 80 հոգի:

       – հացաթխման ավելի քան 500 ձեռնարկություն, որոնցից 25-ը միջին («4-րդ հացի գործարան», «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ներ, «Անահիտ», «Դավիթ 84», «Խարիսխ», «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ներ և այլն), իսկ մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 500 հազար տոննա հացի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 4515 հոգի:

        – հրուշակեղեն և մակարոնեղեն՝ շուրջ 135 ձեռնարկություն, որոնցից 12-ը միջին («Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ, «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Մանչո Գրուպ», «Դարոյինք», «ԷյԷյԷֆՓիՍի» ՀԱ ՀՁ, «Շանթ պլյուս», «Արմսվիթ» ՍՊԸ-ներ և այլն), մյուսները՝ փոքր և գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 40 հազար տոննա հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրություն: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 4200 հոգի:

        – հանքային ու խմելու ջրեր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ ավելի քան 50 ձեռնարկություն, որոնցից 12-ը միջին («Ջերմուկ գրուպ», «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան», «Ջերմուկ մայր գործարան», «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ներ, «Ջերմուկ գրուպ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ և այլ), մյուսները` փոքր և գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 300000 հազար լիտր հանքային ու խմելու ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1920 հոգի:

        – գարեջուր՝ 6 ձեռնարկություն, որոնցից 3-ը համեմատաբար խոշոր («Երևանի գարեջուր» ՓԲԸ, «Գյումրի գարեջուր», «Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 150000 հազար լիտր գարեջրի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 890 հոգի:

        – սուրճի և թեյի մշակում և փաթեթավորում՝ շուրջ 41 ձեռնարկություն, որոնցից 5-ը միջին («Ռոյալ Արմենիա» ՀՁ, «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ, «Ալեքս Գրիգ», «Բիո ունիվերսալ», «ՀԱՄ թեյ» ՍՊԸ-ներ), մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 25 հազար տոննա սուրճի և թեյի մշակում և փաթեթավորում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 390 հոգի:

       – բուսական յուղի (ձեթի) արտադրություն՝ 3 ձեռնարկություն, որոնցից 1-ը միջին («Շող բուսական յուղի կոմբինատ» ՍՊԸ), մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 5 հազար տոննա բուսական յուղի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 70 հոգի:

       – շաքարի արտադրություն՝ 2 ձեռնարկություն, որոնցից 1-ը խոշոր «Լուսաստղ-Շուգր» ՍՊԸ, մյուսը` միջին: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 250 հազար տոննա շաքարի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 135 հոգի:

        – աղի կոմբինատ՝ 2 խոշոր ձեռնարկություն: Արտադրական հզորությունը կազմում է տարեկան շուրջ 100 հազար տոննա աղի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 315 հոգի:

2015 թվականի տվյալներով գյուղատնտեսության ոլորտին բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի 17.3%-ը, իսկ ագրովերամշակող արդյունաբերության հետ միասին՝ 23.3 %-ը և բացառիկ տեղ ունի երկրի բնակչության պարենային ապահովության գործում:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրատեսակների 2011-2015 թվականների արտադրության ծավալները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Հանրապետության արդյունաբերության ճյուղի մեջ գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը 2015 թվականի տվյալներով կազմել է 36.6 %, իսկ մշակող արդյունաբերությունում` 59.1 %:

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված հիմնական արտադրատեսակների արտադրության, արտահանման, ինքնաբավության մակարդակը և իրացման կառուցվածքում տեղական արտադրության մասնաբաժինը 2013-2015 թվականներին ներկայացված է N 2 աղյուսակում:

 

Հանրապետության վերամշակող արդյունաբերության ընկերությունների կողմից 2011-2015 թվականներին պտղի, բանջարեղենի և խաղողի գնումների ծավալները ներկայացված են N 3 աղյուսակում:

 

Լոլիկի մթերման 1 կգ-ի միջին գինը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11.9%-ով և կազմել է շուրջ 45.4 դրամ, իսկ խաղողինը՝ նվազել է 4.7 %-ով և կազմել է 145.1 դրամ, վերջինիս նվազման պատաճառը պայմանավորված էր 2015 թվականին խաղողի առատ բերքով և այն հանգամանքով, որ մթերման առաջարկը զգալիորեն գերազանցում էր պահանջարկը:

 

Զգալիորեն ավելացել և չափազանց բազմազան է դարձել մթերվող բանջարեղենի ու պտղի տեսականին: Մթերվում է հանրապետությունում աճող բանջարեղենի, պտղի ու հատապտղի գրեթե ողջ տեսականին, այդ թվում կանաչ ոլոռ, բամիա, սև և կարմիր պղպեղ, գազար, դդում, բոխի, շուշան և վայրի այլ բույսեր, հատապտուղների գրեթե ողջ տեսականին, նուռ, սերկևիլ, սալոր, կեռաս, բալ, կանաչ ընկույզ, մասուր, թութ և այլն:

 

Պայմանագրային փոխհարաբերությունները խորացնելու և գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացն առավել կազմակերպված, առանց խոչընդոտների անցկացնելու և գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) ու պտուղբանջարեղեն, խաղող և կաթ մթերող գործարանների միջև պայմանագրային փոխհարաբերությունների հաստատումը խթանելու նպատակով դեռևս 2011 թվականի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել ու հանրապետության պտուղբանջարեղեն, խաղող և կաթ գնող ընկերություններին է տրամադրվել պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնումների պայմանագրերի օրինակելի ձևերը:

 

2015 թվականին մինչև մթերումների սկսելը պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել էին 13433 պայմանգիր, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 11 տոկոսով: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 109.8 մլն դրամ կանխավճար և 450.1 մլն դրամի բուժանյութեր, պարարտանյութ և այլ օժանդակություն: Մյուս ընկերությունները պայմանագրեր են կնքել մթերումների ընթացքում:

 

Միջոցառումներ են իրականացվել պետություն-մասնավոր հատված համագործակ­ցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Գյուղա­­տնտեսական հումքի մթերումների գործընթացը կազմակերպված իրականացնելու, ինչպես նաև անասնաբուծության, բուսաբուծության, կաթնամթերքի, գինեգործության, և պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարի և կաթնամթերքի, գինեգործության ու պտուղբանջարեղենային պահածոների արտադրության և այդ ոլորտներում գործող  հասարակական կազմակերպությանների, իրավաբանական անձանց միությունների, գիտակրթական, կրթական ու հետազոտական հաստատությունների ներկայացուցիչների միջև ստորագրվել են համագործակցության վերաբերյալ հուշագրեր:

 

Ստեղծվել են Հայկական կոնյակագործների, մսամթերք արտադրողների, կաթնամթերք արտադրողների ու պահածոյագործների և հյութ արտադրողների իրավաբանական անձանց միություններ:

 

ՀՀ կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ արտահանման ուղղված արդյունա­բերական քաղաքականության ռազմավարությունը, որի շրջանակներում 2012 թվականի հուլիսի 24-ին և նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստերում հավանության են արժանացել համապատասխանաբար կոնյակագործության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների և գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության և դրա իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը և արտահանման ծավալների ավելացմանը:

 

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության առաջնային ոլորտների շարքում ընդգրկվել են նաև պտուղբանջարեղենային պահածոների, հյութերի և հանքային ջրերի արտադրության ոլորտները: Բացի այդ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ՝ մշակվել և սահմնաված կարգով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի նիստի N 32 արձանագրային որոշմամբ վերը նշված ռազմավարության առաջնային ոլորտների շարքում ներառվել են նաև մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ոլորտները:

 

Միաժամանակ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որը ևս կնպաստի ԵՏՄ-ի հետ արագ ինտեգրմանը, կբարձրացնի վստահությունը Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ և լրջորեն կխթանի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը:

 

Ցանկ  Հայաստանի Հանրապետության սննդի և վերամշակող արդյունաբերության խոշոր և միջին ընկերությունների

 

 

Տպել