Անասնաբուժություն

bujՀայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

 

Անասնաբույժի ամենօրյա աշխատանքում նախևառաջ կարևորվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցերը:

 

Երկարատև զարգացման ժամանակահատվածում մշակվել են վարակիչ հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, պայքարի և յուրահատուկ կանխարգելման կենսաբանական պատրաստուկներ:

 

 Հայաստանի Հանրապետության  համար համընդհանուր խնդիր է  կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

 

Ելնելով տարածաշրջանում և հանրապետության առանձին մարզերում  կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային իրավիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հանրապետությունում անասնահամ­ճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և այն պահպանելու նպատակով՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև` կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված անասնահակահամաճարակային միջոցառումներ հետևյալ հիվանդությունների նկատմամբ` գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` գ/կ) բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` խ.ե.կ.) տուբերկուլյոզ, գ/կ սիբիրախտ, մանր եղջերավոր կենդանրների (այսուհետ` մ.ե.կ.) բրադզոտ, մ.ե.կ. դաբաղ, խ.ե.կ. պաստերելյոզ, խշխշան պալար, լեպտոսպիրոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների Նյու-Քասլ հիվանդություն և մեղուների վարրոատոզ:

 

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման միջոցառումները 2012 թվականից իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի  ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` կենտրոնի կազմում ընդգրկված շուրջ 685 համայնքը սպասարկող անասնաբույժների և տարածաշրջանային համաճարակաբանների  միջոցով:

 

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը նպաստում է  հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

 

2013 թվականին մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների   բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության հետ համատեղ մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում զոոնոզների կանխարգելման, սահմանափակման  և վերացման միջոցառումների մոնիթորինգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին արձանագրված գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ հիվանդության օջախների տեղայնացման և վերացման աշխատանքների իրականացման  նպատակով  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում են  գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ հիվանդության  օջախների տեղայնացմանն ու վերացմանն   ուղղված աշխատանքներ:

 

Կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման կատարելագործման նպատակով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Կենդանիների  և մարդկանց  համար ընդհանուր վարակիչ  հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է  համաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

 

 

Տպել