Գյուղատնտեսական կոոպերացիա

marketing_01Հետսեփականաշնորհման ժամանակահատվածում ձևավորված գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու մասնատված հողաբաժինները սահմանափակում են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացումը և լուրջ խոչընդոտ են հանդիսանում ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունը, մասնավորապես կոոպերատիվների, ընկերությունների և կամավորության սկզբունքի վրա հիմնված կազմակերպական այլ միավորումների ձևավորման միջոցով: Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, ընդլայնված վերարտադրության ապահովման, ապրանքայնության մակարդակի բարձրացման, ոլորտի ինտենսիվացման առումով, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեությունն օրինաչափ գործընթաց է, որը չունի այլընտրանք և բնորոշ է, մասնավորապես, անցումային տնտեսության բոլոր երկրներին:

 

 Հաշվի առնելով գյուղական աղքատության մակարդակը (2014 թվականի տվյալներով ըստ ԱՎԾ-ի` 29.9%), գյուղատնտեսական արտադրության այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման օբյեկտիվ բարդությունները, աշխատուժի շուկայում գյուղացիության որոշակի անմրցունակությունը, գյուղի և գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված մի շարք այլ խոչընդոտող գործոններ գյուղացիական տնտեսությունների կոոպերացումն իրատեսորեն ժամանակատար գործընթաց է, որի իրականացման համար անհրաժեշտ է պետության նպատակային քաղաքականությունը:

 

 Կոոպերացիայի խթանման քաղաքականությունն ագրարային ոլորտում  պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից է: Վերջինիս մասին են վկայում գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում դրված մի շարք ուղենիշային ծրագրային փաստաթղթերը: Դրանցից են ՀՀ կառավարության ծրագիրը, ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2012 թվականից գյուղատնտեսության ոլորտում  գերակա խնդիր է  համարվում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը: ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրների շարքում առանձնանում է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման շարունակականության ապահովումը: 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ մշակվել և 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է  «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՕ-190-Ն ՀՀ օրենքը, որը  կնպաստի գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման օրենսդրական հիմքերի բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանմանը, գյու­ղա­ցիական տնտեսությունների գործունեության արդյունավետության, տնտեսվարող­ների մրցունակության, հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի պե­տա­կան քաղաքականության հիմնական ուղղությունների հստակեցմանը: «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է Աշխա­տանքի միջազգային կազմակերպության 2002 թվականին ընդուն­ված Կոոպերատիվներին աջակցության թիվ 193 առաջարկությանը (Հայաստանն անդամակցում է 1992 թվականից) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի սահմանած դրույթներին, կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարեցման, վերակազմակերպման, պետական աջակցության և այլ հարաբերությունները, սահմանում է կոոպերատիվների մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

 

Ներկայումս հանրապետությունում գործում են շուրջ 270 գյուղատնտեսական  կոոպերատիվներ, որոնց հիմնական ուղղվածությունն է կաթի մթերումն ու հավաքագրումը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցումը, արոտավայրերի կառավարումը: 

 

Գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման բնագավառում առանձնակի կարևորվում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռե­սուրս­­ների կառավար­ման և մրցունակության» ծրագիրը, որի հիմնական նպատակն է բարելավել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ թիրախային համայնքներում արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը (հեռագնա արոտների անցանելիության ապահովում, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնում) և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագիրը միտված է նաև բնակչության բարեկեցության, ինչպես նաև բնապահպանական անվտանգության բարելավմանը:

 

«Համայնքների գյուղատնտեսական ռե­սուրս­­ների կառավար­ման և մրցունակության» ծրագրի (ՀԳՌԿՄ, ՀԳՌԿՄ 2) շրջանակներում  հիմնվել են թվով 147  «Արոտօգտագոր­ծող­ների միավորում» սպառողական կոո­պե­րատիվներ, որոնց գործունեության հիմնական նպատակն  արոտավայրերի կառավարման և բարելավման միջոցով անասնապահության արդյունավետության` անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: 8 մարզում (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ)  իրականացվել են հետևյալ աշխատանքները. 83 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներն ավարտվել են (շուրջ 194.7 կմ ջրագիծ, 256 հատ խմոց), 12 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման փուլում (շուրջ 51.6 կմ ջրագիծ, 31 հատ խմոց), 88 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 744 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 165 անիվավոր տրակտոր և 488 միավոր այլ գյուղգործիքներ: 6 մարզի 81 համայնքի  ղեկավարների, համայնքապետարանի ներկայացուցիչների, արոտօգտագործողների կոոպերատիվների նախագահների և անդամների համար իրականացվել է ուսուցում արոտօգտագործման, կոոպերատիվի բյուջեի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման, հաշվապահական հաշվառման, կոոպերատիվի անդամների իրավունքների ու պարտականությունների մանրամասն ներկայացման, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կանխման և դեգրադացիայի դեմ պայքարի ու արոտների բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ներկայացման և այլ թեմաներով: 6 մարզի 55 համայնքի գյուղամերձ դեգրադացված արոտներում կատարվել է վիճակի գնահատում և շուրջ 218 հա արոտավայրերում իրականացվել են վերականգնման միջոցառումներ:

 

  Ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և դրանց կարողությունների ուժեղացմանն ուղղված քաղաքականությունը շարունակվում է:

 

Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվում գործող և նոր ձևավորվող կոոպերատիվներին. «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ (ԳԱՀԿ)-ի կողմից «Ագրոլրատու» շաբաթաթերթում կոոպերատիվների ստեղծման կարևորության վերաբերյալ պարբերաբար տպագրվում են հոդվածներ (2015 թվականին տպագրվել է 32 հոդված), Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ագրոժամ» հաղորդաշարով, ԳԱՀԿ-ի կողմից տրամադրված նյութերով թողարկվում են կոոպերատիվների վերաբերյալ ռեպորտաժներ:

 

 «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» (ԳԱՄԿ) կողմից իրականացվում են սեմինարներ և խորհրդատվական միջոցառումներ, տպագրվում՝ տեղեկատվական թերթիկներ (2015 թվականին իրականացվել է 330 սեմինար և 6235 խորհրդատվական միջոցառում, տպագրվել՝ 32 անուն տեղեկատվական թերթիկ):

 

2015 թվականի հունվարից մեկնարկել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ԵՀԳԳԶԾ (ENPARD) եռամյա ծրագիրը,  որի նպատակն է աջակցել Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը և լավագույն գյուղատնտեսական փորձի և աղետների ռիսկերի նվազեցման համակարգերի ներդրմանը:

 

 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչի շրջանակում տպագրվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվներ.Միասին աշխատելու օգուտն ու հմայքը» գրքույկը և «Կոոպերատիվ մարկետինգ»  ուսուցման ձեռնարկը կոոպերատիվ բիզնես սկսելու և զարգացնելու մտադրություն ունեցող ֆերմերային խմբերին օգնելու նպատակով: Այն կարող է օգտակար լինել նաև գործող կոոպերատիվների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանում կոոպերատիվ շարժման զարգացմամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվներով հետաքրքրվող լայն հանրության համար:

 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից: Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը և համապատասխան պետական և մասնավոր հատվածի արդյունավետության բարձրացումը, բաղադրիչները` իրավական դաշտի բարելավումը, ֆինանսական աջակցության տրամադրումը և մարքետինգային գործունեության բարելավումը: Հատուկ ուշադրություն կդարձվի կին ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին, վերամշակողներին, ինչպես նաև երիտասարդներին և այլ խմբերի: Մեծածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:

 

Հայաստանում կոոպերատիվ շարժման խթանումը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթացի ապահովմանը` գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և գյուղական բնակավայրերի զարգացմանը:

 

 Կոոպերացիայի գաղափարի արմատավորման փորձը վկայում է, որ կոոպերատիվները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կարող են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գյուղմթերքի իրացման դժվարությունների հաղթահարումը, գյուղտեխնիկայի շահագործումը, վառելանյութերը, սերմերը, պարարտանյութերը և այլ ռեսուրսները ֆերմերի համար մատչելի դարձնելը:  

 

 Հաճախ տրվող հարցեր գյուղատնտեսական կոոպերատիվների մասին

 

 

 

 

 

 

 

 

Տպել