Ձկնաբուծություն

fishՀայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են արդյունագործական ձկնաբուծության և հատկապես սաղմոնաձկների  և թառափազգիների բուծման ու աճեցման համար, իսկ ստորերկրյա ջրերի նպատակային օգտագործման արդյունքում տարվա բոլոր եղանակներին հնարավոր է կազմակերպել ապրանքային ձկան արտադրություն:

 
Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության զարգացման վերջին տարիների միտումները վկայում են, որ տնտեսավարող սուբյեկտների ստվար մասն ունի ձկնաբուծության վարման հարուստ փորձ և արդյունավետ կառավարման հմտություններ, ինչն այդ ոլորտը դարձնում է ինչպես շահութաբեր, այնպես էլ հեռանկարային:

 
Ներկայումս մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 14,0-15,0 հազար տոննա ապրանքային ձուկ, որի գերակշիռ մասը կազմում է ծիածանափայլ իշխանը: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ արտադրվող ձուկը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնությունում  և այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 20-30%-ն արտահանվում է:

 
Ձկնաբուծությունը մեր հանրապետության համար ունի նաև ռազմավարական նշանակություն, քանի որ ձկնաբուծական տնտեսություններ հնարավոր է հիմնել ոչ միայն հարթավայրային գոտիներում, այլև նախալեռնային և նույնիսկ լեռնային վայրերում և հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ այն կարող է համարվել միակ եկամտաբեր ոլորտը, քանզի երկրագործության համար չկան նպաստավոր պայմաններ, իսկ անասնաբուծության զարգացման հնարավորությունները բավականին սահմանափակ են:

 
Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետությունում ձկնաբուծության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու պարագայում հնարավորություն կընձեռվի լիարժեք օգտագործել ձկնաբուծության համար պիտանի առկա ջրային մակերեսները, ինչի արդյունքում ոչ միայն կտրուկ կավելանան ապրանքային ձկան արտադրության ծավալները, այլև այդ գործընթացում կներգրավվեն լեռնային, սահմանամերձ և հեռավոր գյուղական համայնքների հարյուրավոր ընտանիքներ:

 
Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության հարուստ փորձը կուտակվել է տասնամյակների ընթացքում: Դեռևս անցյալ դարի 20-ական թվականների կեսերին Սևանի իշխանի արհեստական բազմացման և ձկնապաշարների լրացման նպատակով Կարճաղբյուրում և Գավառում հիմնադրվել են առաջին ձկնաբուծական տնտեսությունները, որոնց հետագայում միացան Սևանի և Սևանի տարածաշրջանի Լիճք համայնքի ձկնաբուծարանները: Վերջիններս տարեկան Սևանա լիճ էին բաց թողնում 7 մլն իշխանի, ավելի քան 100 մլն կողակի և 20 մլն–ից ավելի սիգի մանրաձուկ և թրթուռներ:

 
Ձկնաբուծության զարգացման հաջորդ փուլը սկսվեց 70–ական թվականներին, երբ զարկ տրվեց արդյունագործական ձկնաբուծությանը: Այդ տարիներին Արարատյան հարթավայրի ջրային պաշարները և ջրածածկ տարածքներն արդյունավետ օգտագործելու նպատակով հիմնվել են մի շարք խոշոր ձկնաբուծական տնտեսություններ: Ընդ որում, արդյունագործական նպատակով բուծվել են ոչ միայն բուսակեր ձկներ, այլև սառնորակ ջրերում բուծվող ծիածանափայլ իշխան և գետիշխան (կարմրախայտ): Արդեն անցյալ դարի 80-ական թվականների կեսերին միայն Արարատի տարածաշրջանի Արմաշ և Սիս համայնքների, և Արմավիրի տարածաշրջանի Եղեգնուտ համայնքի լճակային տնտեսությունների ջրային մակերեսը կազմել է շուրջ 6,0 հազար հեկտար, իսկ ապրանքային ձկան (հիմնականում կարպ և ծածան) տարեկան արտադրության ծավալները` ավելի քան 5,0 հազար տոննա: Դրան զուգահեռ, Արարատյան հարթավայրի Տարոնիկ գյուղում գործարկված ձկնաբուծարանում տարեկան արտադրվում էր գրեթե 100 տոննա բարձրարժեք ապրանքային ձուկ` ծիածանափայլ իշխան:

 
Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության զարգացման երրորդ փուլը սկսվել է անցյալ դարի վերջերին, որի համար հիմնական շարժիչ ուժ են հանդիսացել ձևավորված նոր տնտեսական հարաբերությունները: Առանձին տնտեսավարողների կողմից երկարատև ներդրումների արդյունքում հանրապետությունում հիմնվել են մի շարք խոշոր ձկնաբուծական տնտեսություններ, որոնք համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման շնորհիվ ծավալել են արդյունավետ գործունեություն: Այդ կազմակերպություններից մի քանիսն արտադրական նշանակության լճակներից բացի, գործարկել են ձկնկիթի և մանրաձկան արտադրություն և ձկան վերամշակման արտադրամասեր, Երևան քաղաքում և հանրապետության ողջ տարածքում ձևավորել են ձկան իրացման ընդարձակ ցանց, և իրենց արտադրանքն իրացնում են նաև արտերկրում:

 
Ներկայումս հանրապետությունից սառեցված, ինչպես նաև վերամշակված ձուկ և խավիար է արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, արաբական մի շարք երկրներ և այլն:

 
Վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է հատկապես բարձրարժեք ձկնատեսակների` իշխանի (սաղմոնների) և թառափազգիների արտադրության ծավալների կտրուկ աճ: Համաձայն օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում ներկայումս տարեկան արտադրվում է շուրջ 15 հազար տոննա ձուկ, որի  65-70%-ը կազմում են արժեքավոր ձկնատեսակները (սաղմոնազգիներ, թառափազգիներ):

 
Արդյունագործական նպատակով մեր հանրապետությունում աճեցվող հիմնական ձկնատեսակներն են կարպը, սպիտակ և խայտաբղետ պնդաճակատները, սպիտակ և սև ամուրը, Սևանի ամառային իշխանը, գեղարքունին, ծիածանափայլ իշխանը, կարմրախայտը և թառափազգիները:

 
Վերջին տարիներին հանրապետության ձկնաբուծարանների կողմից հաջողված փորձեր են արվել նաև արդյունագործական նպատակով ճապոնական կարպի (կոյի) և աֆրիկական լոքոյի բուծման ուղղությամբ, քանզի վերջիններս, ունենալով աճման բարձր ինտենսիվություն, հնարավորություն են ընձեռում կրճատել ապրանքային ձկան աճեցման տևողությունը և դրանով իսկ առավել արդյունավետ օգտագործել ջրային տարածքները: Բացի այդ, ներկայումս «ԻՆՏԵՌ ԱԿՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներդրվել է ապրանքային ձկների աճեցման ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիա, ինչի շնորհիվ բազմակի կրճատվում են ջրի ծավալները` հնարավորություն ընձեռելով մեկ խորանարդ մետր ծավալով ջրում աճեցնել մինչև 500-800 կգ ապրանքային ձուկ:

 
Հատկանշական է մի կարևոր հանգամանք ևս: Այսօր հանրապետության ձկնաբուծական ոլորտում նկատվում են կոոպերացման միտումներ: Շատ հաճախ տնտեսությունները միավորվում են կամ պայմանագրային հիմունքներով համագործակցում խոշոր տնտեսությունների հետ, ինչը դյուրինացնում է փոքր տնտեսությունների կողմից մանրաձկան և համակցված կերերի ձեռքբերումը, ինչպես նաև ապրանքային ձկան իրացումը:

 
Վերջին տասնամյակում ոչ միայն ընդլայնվել է հանրապետությունում արտադրվող ապրանքային ձկան տեսականին, այլև կտրուկ փոխվել է ձկնատեսակների տեսակարար կշիռը: Այսպես, եթե նախկինում հանրապետությունում արտադրված ապրանքային ձկան ավելի քան 90 %-ը կազմում էին կարպը և ծածանը և չնչին քանակություն էր կազմում ծիածանափայլ իշխանը, ապա այժմ այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվել  ի օգուտ բարձրարժեք ձկնատեսակների` սաղմոնազգիների և թառափազգիների:

 
Հայաստանի Հանրապետության բնական և արհեստական ջրածածկ տարածքներում ներկայումս հանդիպում են գրեթե 40 ձկնատեսակներ և դրանց ենթատեսակներ, որոնցից արդյունագործական նպատակներով օգտագործվում են շուրջ  15-ը:

 
Այսօր հանրապետությունում արդյունագործական նպատակներով հաջողությամբ բուծվում են մեր տարածաշրջանի համար էնդեմիկ չհամարվող այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսիք են սպիտակ և սև ամուրը, սպիտակ և խայտաբղետ պնդաճակատը, թիաքիթը, ճապոնական կարպը (կոյի), աֆրիկյան լոքոն, իսկ թառափազգիներից` սիբիրյան և ռուսական թառափները: Վերջիններս, ինչպես նաև սաղմոնազգիները (ծիածանափայլ և ոսկեփայլ իշխան, գեղարքունի, կարմրախայտ և այլն) կազմում են ներկայումս հանրապետությունում արտադրվող ապրանքային ձկան շուրջ 70%:

 
Ներկայումս հանրապետությունում գրանցված են շուրջ 220 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից շուրջ 75%-ը գործում են միայն Արմավիրի և Արարատի մարզերում:

 
Հանրապետությունում այսօր գործող ձկնաբուծական տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը կազմում է 3033 հեկտար, որից գրեթե 70%-ը գտնվում է Արարատի, իսկ  շուրջ 27%-ը` Արմավիրի մարզում:

 

Տպել