«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացման նպատակը բարձրարժեք մշակաբույսերով՝ բազմամյա տնկարկներով և բանջար-բոստանային մշակաբույսերով զբաղեցված հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է:

 

Ոռոգման կաթիլային եղանակը հիմնականում լայնորեն կիրառվում է այն երկրներում, որտեղ առկա է ոռոգման ջրի դեֆիցիտ և բարձր ինքնարժեք, ինչպես նաև ռելիեֆի կտրտվածություն, ջրգող օջախների առկայություն և այլն, այն շատ արդյունավետ է հատկապես բանջար-բոստանային մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների ոռոգման համար, նպատակահարմար է ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբով արտադրությունների համար:

 

Ջրերն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը կաթիլային ոռոգման ամենադրական բնութագրերից մեկն է. ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կազմում է ավելի քան 50%։ Բացի այդ, ոռոգման կաթիլային եղանակը.

 

 1) թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում, պարարտանյութերի ծախսը կրճատվում է 50%-ով,

 

 2) ոռոգման տարածքի սահմանափակ խոնավեցումը չի խանգարում գյուղատնտեսական մեքենաների աշխատանքին, ոռոգումից հետո հողի չորացմանը սպասելու անհրաժեշտություն չի առաջանում, բոլոր գյուղատնտեսական աշխատանքները կարելի է անցկացնել օպտիմալ ժամանակում,

 

 3) բացառում է մակերևութային հոսքը, այսինքն` կանխում է հողի ջրային էրոզիան, հետևաբար այսպիսի ոռոգման համակարգը կարելի է օգտագործել անգամ զառիթափ լանջերում, անհարթ հատվածներում, ոչ կանոնավոր հողատարածքներում և այլն,

 

  4) քանի որ միջշարային տարածությունը մնում է չոր, հեշտանում է պայքարը մոլախոտերի դեմ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվում ոռոգման ցանցի միջոցով օգտագործել հերբիցիդներ առանց ավելորդ աշխատանքների,

 

  5)  վեգետացիոն զանգվածի և պտղի խոնավեցում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման և բարձրորակ բերքի ստացման գործում և այլն։

 

 Ծրագրով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին, տարեկան 1.6-1.7 հազ. հա հողատարածքների հաշվարկով, սուբսիդավորել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանն ուղղված վարկերի տոկոսադրույքները:  Վարկերը տրամադրվելու են առավելագույնը 14 %-ով, որի մինչև 12 տոկո­սային կետը սուբսիդավորվելու է: 1 հա հողատարածքում համակարգի ներդրման միջին արժեքը 1.3 մլն դրամ է (կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումների մոտավոր հաշվարկները ներկայացվում են աղյուսակներ 1-3-ում), վարկավորման գումարը տարեկան 1600 հա հողատարածքների համար` շուրջ 2.0 մլրդ դրամ: Տրամադրվող վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է, մարման պարբերականությունը` 6 ամիս:

 

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է պայմանագիր կնքեն Ծրագրի մասնակիցների ցանկում ընդգրկված նախընտրելի կապալառու հետ, այնուհետև դիմեն ցանկում ընդգրկված ֆինանսական կառույցին` պայմանագրի շրջանակում վարկավորում ստանալու համար: 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն` 011 29 74 35 հեռախոսահամարով, ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել