Հաճախ տրվող հարցեր

  • 1. Որո՞նք են գյուղատնտեսության ոլորտին  հատկացվող 3-5 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանները:

  • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում շահառուներին  տրամադրվում են  3 -10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր` նախկին 8 %-ի փոխարեն, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված  սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3 %:

     Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

    Այս պահի դրությամբ ծրագրին միացել են  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը,  «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն և «Կամուրջ» ՈԻՎԿ-ն: 

  • 2. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ի՞նչ  գյուղտեխնիկա է հնարավոր ձեռք բերել և ի՞նչ պայմաններով:

  • Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ,տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:Մասնավորապես կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:  Շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված    է   տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

  • 3.«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկա ձեռք բերելու համար հայտեր ներկայացնելու և խորհրդատվություն ստանալու համար ու՞մ պետք է դիմել:
  • «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկա ձեռք բերելու համար հայտեր ներկայացնելու, ինչպես նաև տեղում խորհրդատվություն ստանալու համար շահառուները պետք է դիմեն Գյուղատնտեսության  զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ  կամ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնների մասնաճյուղեր: Ծրագրի վերաբերյալ շահառուները կարող են տեղեկություններ ստանալ նաև նախարարության կայքէջից, ԳԱՄԿ-երի կողմից հրատարակվող թերթերից և համայնքապետարաններից:
  • 3.«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում ու՞մ են հատկացվում պարարտանյութերը, ի՞նչ գնով և ի՞նչ չափաքանակներով:
  • Պարարտանյութի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հսկողությամբ հետևյալ հողօգտագործողներին՝ գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական արտադրանք  արտադրելու նպատակով համատեղ գործունեության  պայմանագիր կնքած անձանց և 2016 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշմամբ հողօգտագործողներին հատկացված աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուներից ստացված էլիտային վերարտադրության սերմացուներ ձեռք բերած շահառուներին՝ ըստ փաստացի մշակվող հողատարածքի չափի, հետևյալ չափաքանակներով` ազոտական պարարտանյութ` մեկ հեկտարի համար, մինչև 300 կիլոգրամ, յուրաքանչյուր հողօգտագործողին (գյուղացիական            տնտեսություններին` առավելագույնը մեկ տոննա), ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար, մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման, կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար, մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման: Պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ գներով` մեկ կիլոգրամ ազոտական պարարտանյութը՝ 120 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 6000 դրամ), մեկ կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ), մեկ կիլոգրամ կալիումական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ):
  • 4. Ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:
  • Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի` կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ: Գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 5Ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին բերքի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, կազմակերպվու՞մ են արդյոք տոնավաճառներ, որտեղ գյուղացին կարող է սպառել իր արտադրանքը և ինչպիսի՞ն են մասնակցության պայմանները:
  • Գյուղմթերքի իրացման հարցում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Կասյան փողոցի վերին հատվածում, Մաշտոցի պողոտայի տարածքում և Նոր Նորքի 1-ին զանգվածում կազմակերպվում են գյուղատնտեսական տոնավաճառներ,  որտեղ կարող են անվճար հիմունքներով մասնակցել  ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսությունները` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

    Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

    Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

  • 6.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ  իրականացնել խաղողի վազի սնկային հիվանդությունների դեմ պայքարում:
  • Անհրաժեշտ է հիշել, որ նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական` կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները  և դրանից հետո միայն կատարել բուժումները: Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ` կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձևավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ  են ստեղծվում սնկերի զարգացման համար և նվազում է սրսկումների արդյունավետությունը: Մինչև ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որևէ  պատրաստուկի հետ, այսպիսով` մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների և խաղողի ողկուզակերի դեմ: Այս միջոցառումները պետք է կատարել մինչև ծաղկումը: Սակայն, եթե այս կամ այն պատճառով ցածր է եղել բուժման արդյունավետությունը, և այգում առկա է հիվանդությունների կամ վնասատուների զարգացման ու տարածման լուրջ վտանգ, ապա անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել նաև ծաղկման փուլում: Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:
  • 7. Ե՞րբ պետք է կատարել պտղատու ծառերի էտը:
  • Պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին և բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին` օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:
  • 8. Ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները
  • Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ,խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդությունների նկատմամբ՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ տարեկան մեկ անգամ:
  • 9.Գյուղատնտեսական կենդանիների ո՞ր հիվանդությունների բուժման և կանխարգելման նկատմամբ է իրականացվում պետական աջակցություն
  • «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են անասնահակահամաճարակային միջոցառումներ: Ախտորոշիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ: Կանխարգելիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ:
  • 10. Ի՞նչ պայմանով են հատկացվում եվրոպական երկրներից ներկրված տոհմային երինջները:
  • Տոհմային երինջները հատկացվում են տարաժամկետ վճարման պայմանով, իսկ կենդանիների արժեքը վճարվում է 4 տարվա ընթացքում, առաջին տարում վճարելով կենդանու արժեքի 10%-ը, 2-րդ տարում՝ 20%-ը, 3-րդ տարում՝ 30%-ը, 4-րդ տարում՝ 40%-ը:
  • 11. Արտերկրից տոհմային կենդանիներ ներկրելու դեպքում վճարվում է արդյո՞ք ավելացված արժեքի հարկ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
  • Տոհմային կենդանիներ ներկրելիս ավելացված արժեքի հարկ չի վճարվում: Ներկրվող տոհմային կենդանիները պետք է ունենան անհատական տոհմային քարտեր, ինչպես նաեւ անասնաբուժական հավաստագիր:
  • 12. Ե՞րբ  են Արարատյան հարթավայրի բանջարային բույսերի ցանքի և սածիլման ժամկետները
  • Յուրաքանչյուր կուլտուրայի ցանքի լավագույն ժամկետը այն է, երբ հողում սերմերի ծլման համար պահանջվող նվազագույն ջերմաստիճան է լինում:

    Բանջարեղենի ցանքի և ծլման համար կարելի է սահմանել հետևյալ ժամկետները՝ վաղ գարնան ցանք, գարնան ցանք, ամռան ցանք, աշնան ցանք և ձմեռնամուտի ցանք (դոնդուրմա):

    Բանջարային բույսերի բազմազանության և կենսաբանական տարբեր առանձնահատկությունների Արարատյան հարթավայրի պայմաններում պատճառով նրանց ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում:

    Վաղ գարնանացանը Արարատյան դաշտում սկսվում է ձյունը  հալչելուց անմիջապես հետո և տևում է մինչև ապրիլի վերջը:  Այդ ժամկետում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բույսերի սերմնակալները (գազար, բողկ) և վաղահաս կաղամբի սածիլները, այնուհետև ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ, և կանաչեղեն:

    Գարնանը ցանքը տևում է ապրիլի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա ռեհան, կոռթին և դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և ուշահաս կաղամբի սածիլներ:

    Ամռանը ցանքը տևում է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են տարեկան բողկ,և կրկնացան վարունգ, լոբի, դդմիկ (աշնանը բերքը հավաքելու համար):

    Աշնան ցանքը տևում է սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ և մաղադանոս՝ հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար (բույսերը ձմեռում են բաց դաշտում): Ձմեռնամուտի ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40 է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 3-50-ից չի բարձրանում: Ձմեռնամուտի ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն միայն գարնանը՝ հողը տաքանալուն զուգընթաց: Ցանում են սոխ, գազար, սպանախ և բոլոր կանաչեղենները:

  • 13. Ինչպիսի՞ պայմաններում է աճում բրոկոլին
  • Բույսը կարող է աճել և հարթավայրային և բարձրադիր գոտիներում: Այն համեմատաբար ցրտադիմացկուն է: Բույսերը առաջին իսկական տերևների  կազմավորման  փուլում կարող են դիմանալ -5 -60C, իսկ հասուն բույսերը` մինչև -80C կարճատև ցրտերին:  Այս մշակաբույսի վեգետացիոն շրջանը կազմում է 90-100 օր ծլումից մինչև տեխնիկական հասունացումը:

    Սածիլների աճեցման համար բարենպաստ ջերմաստիճանը համարվում է  16-18 0 C : Շատ զգայուն է ջերմաստիճանի, հատկապես գլխիկների կազմավորման շրջանում և հողի խոնավության նկատմամբ` հողում խոնավության ցածր պարունակությունը երկարաձգում է բույսերի վեգետացիոն շրջանը և  ցածր  որակի  գլուխներ  է  կազմակերպվում:

    Ցանքի նորման` 0,5-0,6 կգ/հա: Սածիլները 35-45 օրեկանում տեղափոխել դաշտ և տնկել 70*35 սմ սխեմայով:

    Բրոկոլիի բույսերը հասունանում են ոչ միաժամանակ, այդ պատճառով բերքը հավաքում են պարբերաբար` ըստ գլխիկների հասունացման: Միջին բերքատվությունը կազմում է 200-250ց/հա:

  • 14. Ի՞նչ եղանակներով վերականգնել և բարելավել հողի կառուցվածքը
  • Հողի կառուցվածքի վերականգնման բնական պրոցեսների վրա երկրագործության մեջ մարդը ներգործում է ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումներով: Կարևոր դեր է կատարում ցանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ հաջորդականությունը: Կառուցվածքի լավացման համար լավ գործոն է բակլազգի խոտաբույսերի ու հացաազգիների հետ նրանց խոտախառնուրդների ցանքը: Կառուցվածքի քայքայումը կանխող, որոշ չափով նաև լավացնող միջոցառում է պարարտանյութերի օգտագործումը, հողի մշակության տարբեր եղանակները, հատկապես հողի ֆիզիկական հասուն  փուլում, երբ այն հեշտ է մշակվում ու լավ է փշրվում: Մինչդեռ գերխոնավ ու չոր հողի մշակության դեպքում կառուցվածքը քայքայվում է:
  • 15. Ինչպիսի՞ եղանակներով ու  չափաքանակներով և ինչ ժամկետում է իրականացվում կարտոֆիլի պարարտացումը
  • Գոյություն ունի կարտոֆիլի պարարտացման երկու եղանակ՝ տեղային և համատարած: Տեղային եղանակը կիրառվում է ակոսների, բների, փոսերի մեջ կարտոֆիլը տնկելիս և համատարածը՝ ցրտավար, ցրտավարի կրկնավար, կամ կուլտիվացիա կատարելիս: Տեղային եղանակով պարարատացնելու դեպքում պարարտանյութերի ծախսի խնայողությունը մեծանում է, դրա հետ մեկտեղ զգալիորեն ավելանում է բերքը: Համատարածի դեպքում ցրտավարի տակ մտցնում են գոմաղբ և պարարտանյութերի նորմայի կեսը, երկրորդ կեսը մտցնում են իբրև սնուցում: Սնուցումը պետք է կատարել դաշտը համատարած ծլելու ժամանակ ( երբ ծիլերի երկարությունը 5-8 սմ է), կամ կոկոնակալումից առաջ, և երկրորդը՝ կարտոֆիլի ծաղկելուց առաջ: Պարարտանյութերը ,իբրև սնուցում, շարքերի միջև պետք է մտցնել փխրեցումից կամ բուկլիցից առաջ:
    Պարարտանյութերի չափաքանակները որոշելիս պետք է նկատի ունենալ հողակլիմայական պայմանները, նախորդները և այլն: Օրինակ՝ լեռնային, նախալեռնային գոտիներում՝ անջրդի պայմաններում, խորհուրդ է տրվում հող մտցնել ամոնիկային սելիտրա հեկտարի հաշվով 150-200, սուպերֆոսֆատ՝ 300-600, կալիումական աղ՝ 100-200 կգ, գոմաղբ՝ 35-45 տ/հա:
    Կարտոֆիլի դաշտը պարարտացնելիս պետք է հաշվի առնել, որ ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակները, մասնավորապես՝ դրանց միակողմանի օգտագործումը բացասական է ազդում բույսերի վրա, պալարներում պակասում է օսլայի պարունակությունը, վատանում է համային որակը, բույսերը կորցնում են դիմադրողականությունը և ամենակարևորը՝ տուժում է տնկանյութի որակը:

  • 16. Ո՞րքան են լոլիկի, տաքդեղի և սմբուկի պարարտացման չափաքանակները
  • Լոլիկի, տաքդեղի և սմբուկի 1 հեկտար ցանքադաշտին անհրաժեշտ է տալ 30-40 տոննա օրգանական պարարտանյութ՝ (գոմաղբ, թռչնաղբ, կոմպոստ), 250-300 կգ ամոնիակային սելիտրա, 400-500 կգ սուպերֆոսֆատ և 150-200 կգ կալիումական աղ: Մշակաբույսերի պարարտացումը պետք է կատարվի չափավոր նորմաներով, մթերքներում մարդու առողջության համար վնասակար նիտրատների և նիտրիտների կուտակումից խուսափելու համար:
  • 17. Որո՞նք են պարարտանյութերի օգտագործման անվտանգության կանոնները
  • Պարարտանյութերի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն արտահագուստով և անհատական պաշտպանության միջոցներով (ակնոցներ, ռետինե ձեռնոցներ, շնչառական օրգանների կապիչներ, ռետինապատ գոգնոցներ):

 

Տպել