Տեղեկատվություն ստանալու իրավունքի պարզաբանումներ և տեղեկատվություն տրամադրելու կարգը

1. Ի՞նչ է տեղեկություն ստանալու իրավունքը

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու  և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»: ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» (այսուհետև «ՏԱ») օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:
Ընդ որում, անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք՝ բացառությամբ ՀՀ սահմանադրության և օրենքով սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

 

2. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ տեղեկատվություն է տնօրինում

 

ա) նախարարությանը վերաբերող ընդհանուր տեղեկատվություն.
կառուցվածք, պաշտոնատար անձանց գործառույթներ, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններ, պաշտոնատար անձանց ելույթներ, հայտարարություններ, նախարարության գործունեությունը կարգավորող կամ նախարարությանն առնչվող իրավական ակտեր, նախարարության կողմից մշակվող և հանրային քննարկման ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, նախարարության միջոցառումների ծրագիր, գերակա խնդիրներ, նախարարության գործունեությանը վերաբերող հաշվետվություններ, զեկույցներ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկություններ, տարեկան պետական բյուջեով հատկացված ընդհանուր գումարը և հաշվետվությունը, իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, ստացված դիմումների մասին ամփոփ տվյալներ, թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկություններ:

բ) նախարարության  գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկատվություն. ագրոպարենային ոլորտի, գյուղատնտեսական բնագավառում միջպետական համագործակցության, անտառաբուծության, բուսաբուծության, անասնաբուծության, ոռոգման, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելորացիայի ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ, կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում, հիմնադիր որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում՝ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում, նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:

 

3. Ու՞մ  կարելի է  դիմել  տեղեկություն  ստանալու   համար  

 

«ՏԱ»  օրենքի   3-րդ  հոդվածի համաձայն, եթե  ՀՀ սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ, յուրաքանչյուր ոք կարող է տեղեկություն ստանալ.
պետական կառավարման մարմիններից,
տեղական ինքնակառավարման մարմիններից,
պետական հիմնարկներից,
պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
հանրային նշանակության կազմակերպություններից,
պաշտոնատար անձանցից:

Տեղեկատվություն տնօրինող յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ և պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ է նշանակվել աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոֆի Սիմոնյանը (հեռ.` 011-521524, էլ.փոստ` press@minagro.am) 

 

4. Ի՞նչ կարգով է իրականացվում տեղեկատվության տրամադրումը

Տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր կամ բանավոր հարցումով: Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որևէ մեկին.
ընդհանուր բաժին, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին,
տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:
Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր հարցմամբ (տես` տեղեկություն ստանալու հարցման առաջարկվող նմուշը): Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ ուշացվի պատասխանը, կարելի է բողոքարկել:

Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը:

Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես տեղեկատվություն տնօրինող մարմինը  կարող է մերժել տեղեկատվության տրամադրումը կամ հարցմանը չպատասխանել:
Գրավոր հարցման մեջ դիմողը պարտադիր պետք է նշի.
անունը, ազգանունը,
քաղաքացիությունը,
բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:

Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձևակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձևակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել և տրամադրել պահանջած տեղեկությունը:
Գրավոր հարցումը պետք է գրանցվի և տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը և մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացել է հարցումը և որն է հարցման գրանցման համարը:

 

5. Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները

Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, դիսկետ, էլեկտրոնային նամակ և այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: ( «ՏԱ» օրենք, հոդված 9):
Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

 

6. Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում,եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները,
տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:
Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: «ՏԱ» օրենքը նշում է, որ այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաև տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

 

7. Պե՞տք է արդյոք վճարել տեղեկություն ստանալու համար

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության տրամադրման համար գանձվող վճարը ներառում է միայն այդ տեղեկության տրամադրման տեխնիկական ծախսերը (պատճենահանում, դիսկետի գին ևայլն):
Այս մարմինների կողմից տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
բանավոր հարցումներին պատասխանելիս,
մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս,
տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
«ՏԱ» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս (այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը),
տեղեկության տրամադրումը մերժելիս:
Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

 

8. Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը

Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.
պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները ( «ՏԱ» օրենք, 8-րդ հոդված):

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.
հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաև  այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:

Տեղեկության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.

հարցումը մերժելու իրավական հիմքերը,
հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
մերժումը բողոքարկելու ժամկետները և կարգը:

Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:
Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:
Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

 

9. Ո՞ր դեպքերում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.
վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին,
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև  բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

 

10. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել տեղեկություն ստանալու մերժումը

Օրենսդրությամբ սահմանվում է տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության երեք ձև`
վերանայում վերադասության կարգով,
բողոքարկում մարդու իրավունքների պաշտպանին,
բողոքարկում դատական կարգով:
Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:

 

11. Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար

Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև «ՏԱ» օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են քրեական և վարչական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև  հարյուրապատիկի չափով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 148 հոդվածի համաձայն` «Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև  400-ապատիկի չափով»:
Լրագրողի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար սահմանվում է հատուկ պատասխանատվություն. ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով` «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» պատասխանատվություն է սահմանվում նրա գործունեությանը խոչընդոտելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև  400-ապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարել է պաշտոնական անձն իր պաշտոնական դիրքն օգտագործելով` ենթակա է պատասխանատվության ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

 

12. Կա՞ արդյոք պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվություն

 

Բացի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելը, յուրաքանչյուր պետական մարմին պարտադիր`
օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը,
զ) շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումերի ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը,
թ) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը,
ի) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
լ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
խ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Այս տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Այս տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձևով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում նաև  դրանով:
Հանրային նշանակության, ինչպես նաև  բյուջեից հատկացում (ֆինանսավորում) ստացող կազմակերպությունները կարող են չհրապարակել վերը նշված տեղեկությունները և դրանց փոփոխությունները:

 

<<Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի)  տրամադրման կարգը սահմանելու մասին>>  ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշում

 

Տպել