Գետնախնձորն արժեքավոր մշակաբույս

2014-03-30

getnaxncor

Կան վաղուց հայտնի, սակայն անիրավի մոռացված մշակաբույսեր, որոնք միավոր տարածությունից, անհամեմատ քիչ ծախսումներով, կարող են ավելի բարձր բերք տալ, քան բազմաթիվ այլ մշակաբույսեր: Այդպիսի մշակաբույսերի թվին են դասվում գետնախնձորը, դրա և արևածաղկի հիբրիդ` գետնախնձորաարևածաղիկը:

 

Հյուսիսամերիկյան ծագում ունեցող այս հնագույն մշակաբույսը Հայաստանում թեև հայտնի է անհիշելի ժամանակներից, բայց գրեթե չի մշակվում: Այսօր էլ, անգամ հարթավայրայինից մինչև բարձր լեռնային գոտի, գրեթե չկա մի տնամերձ հողամաս, այգեգործական տարածք, որտեղ ցանկապատի տակ կամ հողամասի եզրին աչքի չընկնեն 2-3 մ բարձրությամբ, գրեթե անուշադրության մատնված գետնախնձորի մի քանի թուփ, որոնք, առաջին հայացքից, կարծես, աճեցնողին այնքան էլ պետք չեն: Մինչդեռ դրա ներդրումն ու ցանքատարածությունների ընդարձակումը հանրապետությունում կարող է տնտեսական մեծ օգուտ բերել: Գիտնականները դրանում հայտնաբերել են պարենային, տեխնիկական  և կերային բարձր արժանիքներ, և այսօր այն աշխարհում լայնորեն գովազդվում և տարածվում է որպես նոր, հեռանկարային մշակաբույս:

  

Գետնախնձորի կանաչ զանգվածի և պալարների վիտամինային, ամինաթթվային, հանքային նյութերի, միկրոտարրերի հարուստ կազմն այն դարձրել են բուժական նպատակներով օգտագործվող անփոխարինելի սննդամթերք: Դրա պալարները, շնորհիվ ածխաջրերի, հատկապես` ինսուլինի բնական անալոգ ինուլինի բարձր պարունակության (20-22%), գերազանց հումք են ինուլինի, ֆրուկտոզայի, բիոէթանոլի, դեղանյութերի, իսկ ցողունատերևային զանգվածը` կենսագազի, կենսահումուսի արտադրության համար: Դրա 1 հեկտարի վերգետնյա զանգվածից (400-500ց/հա) կարող է ստացվել 5000-6000 մ3  կենսագազ: Ոչ պակաս շահավետ է վերգետնյա զանգվածից թղթի և ստվարաթղթի ստացումը, հատկապես, երբ այն ընթանում է քիմիկատների նվազագույն կիրառմամբ:

 

Գետնախնձորի 1տ վերգետնյա զանգվածից ստացվում է 50-83 լ 960 բիոէթանոլ (բենզինի փոխարինիչ), իսկ պալարներից` 70-132լ:

 Շատ արժեքավոր է գետնախնձորի ծաղիկներից ստացվող մեղրը:

 

Մեծ է նաև գետնախնձորի կերային նշանակությունը: Դրա ցողունատերևային զանգվածը և պալարները հրաշալի կեր են գյուղատնտեսական բոլոր կենդանիների և թռչունների համար` թե թարմ, և թե սիլոսացված, գրանուլացված կամ խոտալյուրի ձևով: Դրա 100կգ կանաչ զանգվածի սննդարարությունը կազմում է 20-25 կերամիավոր, իսկ պալարներինը` 23-29 կամ գրեթե կրկնակի, նույնիսկ կերի ճակնդեղից ավելի:

 

Բույսերի վերերկրյա մասը և պալարները միասին տալիս են 150-250 ց կերի միավոր և 10-15 ց/հա մարսելի պրոտեին: Կերի միավորի ելունքով գետնախնձորը 3-5 անգամ, իսկ մարսելի պրոտեինով 1,4-4,5 անգամ գերազանցում է եգիպտացորենին, միամյա խոտաբույսերին և կարտոֆիլին: Կովերի կերաբաժնին 10-15 կգ գետնախնձորի ավելացումը 5-6-րդ օրվանից կաթնատվությունն ավելացնում է 4-5 լիտրով, միաժամանակ բարձրացնելով նաև կաթի յուղայնությունը: Հավերին կերակրելիս` ավելանում է ձվատվությունը: Սննդարարությամբ գետնախնձորի սիլոսը գերազանցում է եգիպտացորենին (քիչ է թաղանթանյութը և շատ սպիտակուցը): Չոր նյութերի բարձր պարունակության շնորհիվ (ծաղկման շրջանում 25-30%) գետնախնձորի սիլոսը, ի տարբերություն եգիպտացորենի, չի գերթթվում: Դրա կանաչ զանգվածը հրաշալի հումք է նաև խոտալյուրի պատրաստման համար: Սննդարարությամբ այն չի զիջում շատ հատիկային կերերի, իսկ սպիտակուցների լիարժեքությամբ, հանքային նյութերի պարունակությամբ և վիտամիններով գերազանցում է դրանց:

 

Փաստենք, որ սկսած 2012 թվականից, 25 հա տարածության վրա Ճամբարակ և Պուշկինո համայնքներում հիմնվել է գետնախնձորի ցանքատարածություն, նպատակ ունենալով մոտ ապագայում (մինչև 2016 թ.) այն ընդարձակել և հասցնել մի քանի հազար հեկտարի: Ցանքատարածությունների ընդարձակումը  նախատեսվում է իրականացնել չմշակվող վարելահողերի հաշվին:

 

Ագրոտեխնիկան: Գետնախնձորի ագրոտեխնիկան առանձնապես բարդ չէ: Այն նման է կարտոֆիլի ագրոտեխնիկային: Շնորհիվ ցրտադիմացկունության, չորադիմացկունության, բարձր բերք տալու ընդունակության, այն կարող է մշակվել հանրապետության գրեթե բոլոր բնակլիմայական գոտիների պայմաններում` հարթավայրայինից մինչև բարձր լեռնային, և ագրոտեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում, ոչ մեծ ծախսումներով ստանալ 150-400 ց/հա պալարների և 200-500 ց/հա վերգետնյա զանգվածի բերք:

 

Գետնախնձորը չնայած միամյա բույս է, սակայն արտադրության մեջ մշակվում է որպես բազմամյա, քանի որ բերքահավաքից հետո հողում դեռևս մնում են պալարներ, որոնք ձմեռելուց հետո գարնանը տալիս են ընձյուղներ, դրանով իսկ ապահովելով դրա բազմամյա (5-7 և ավել տարի)  մշակությունը:

 

Գետնախնձորը հողի նկատմամբ առանձնապես պահանջկոտ չէ, սակայն բարձր բերք է տալիս լավ մշակված, բերրի, խոնավապահով, փուխր հողերում: Ցանքերը հիմնելիս` հողը նախապատրաստում են. աշնանը կատարում են խորը վար, իսկ գարնանը` նախացանքային փխրեցում: Խորը վարի տակ անհրաժեշտ է հող մտցնել 60-80 տ/հա գոմաղբ, 3 ց/հա կալիումական և 5 ց/հա ֆոսֆորական պարարտանյութ:

 

Գետնախնձորն աճեցվում է պալարներով: Տնկման համար ընտրվում են հողից նոր հանված առողջ պալարներ` 30-50 գրամ մեծության և տնկվում կարտոֆիլացան մեքենայով, լայնաշար` 70 սմ միջշարային և 35-40 սմ միջբուսային տարածությամբ` հեկտարին տնկելով շուրջ 36-41 հազ. բույս: Տնկանյութի ծախսի  չափաքանակը` կախված պալարների մեծությունից, տատանվում է 1,1-2 տ/հա-ի միջև: Խոշոր պալարները (60 գրամից մեծ) գարնանը, տնկելիս, կարելի է կիսել: Տնկման լավագույն ժամկետը աշունն է` մինչև հողի սառչելը, պալարների 12-15 սմ թաղման  խորությամբ, իսկ լեռնային բարձրադիր վայրերում  նաև վաղ գարնանը, կարտոֆիլի ցանքի ժամկետից 7-10 օր շուտ, պալարների 6-8 սմ թաղման խորությամբ:

 

Գետնախնձորի ծիլերը հողի երես են դուրս գալիս բավականին ուշ` տնկումից 20-28 օր հետո, ուստի, տնկումից 2 շաբաթ անց, անհրաժեշտ է դաշտը փոցխել թեթև փոցխերով, լավ է ցանցաձև փոցխով: Մոլախոտերով ուժեղ վարակված դաշտերում, մինչև գետնախնձորի ծլելը կամ ծլման ժամանակ, կարելի է կատարել քիմիական քաղհան ՙզենկոր՚ պատրաստուկով (1,5-2,1 կգ/հա): Ծլումից հետո միջշարքերը փխրեցվում են 2 անգամ` առաջինը 8 սմ խորությամբ, երբ գետնախնձորի բույսերը հասել են 13-15 սմ բարձրության, երկրորդը` բուկլիցի թաթիկներով` բույսերի 35-40 սմ բարձրության ժամանակ: Երկրորդ փխրեցումը (բուկլիցը) համատեղում են սնուցման հետ (200-250 կգ/հա սելիտրա): Ջրովի պայմաններում բուկլիցից հետո կատարվում է ոռոգում` ըստ բույսերի պահանջի` 2-6 անգամ:

 

Կանաչ զանգվածը հնձվում է ուշ աշնանը` գետնախնձորի ծաղկումից հետո, սիլոսահավաք կոմբայնով` գետնից 40-50 սմ բարձրությամբ: Պալարների բերքն ավելի բարձր է լինում, երբ վերերկրյա զանգվածը չի հնձվում:

 

Պալարները հողից հանվում են ըստ օգտագործման անհրաժեշտության` ուշ աշնանը կամ վաղ գարնանը, կարտոֆիլահան մեքենայով և հավաքվում ձեռքով: Պալարների տեսակավորումը և սերմի առանձնացումը կատարվում է դաշտում կամ պահեստարանում:

 

Գետնախնձորը, որպես բազմամյա բույս նույն դաշտում աճեցվում է 4-5-6 տարի ժամանակով: Երկրորդ և հետագա տարիներին պալարների բերքահավաքից հետո աշնանը կամ վաղ գարնանը դաշտը պետք է վարել հնարավորինս առավելագույն խորությամբ և կատարել սկավառակում: Գարնանը հողում մնացած պալարների ծլման ժամանակ կատարվում է փոցխում, իսկ բույսերի 10-15 սմ բարձրության հասնելու ժամանակ դաշտի ընդլայնական և ընդերկայնական ուղղությամբ շարահերկ կուլտիվատորով  (նետաձև թաթիկներով) կատարվում է շարքերի ընդգծում` 70սմ x 70սմ սխեմայով, փնջում թողնելով 2-3 բույս:

 

 

Աղբյուրը՝ <<Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն>> ՓԲԸ

 

 

Տպել