Միջտնտեսային եվ ներտնտեսային ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի մշակում եվ ներդրում ոռոգելի երկրագործության պայմաններում

2014-03-28

karavarman hamakarg

Հանրապետության ջրային պաշարների շուրջ 68 %-ն օգտագործվում է ոռոգման նպատակով, իսկ 32 %-ը` կոմունալ-կենցաղային, արդյունաբերական ջրամատակարարման, ձկնարդյունաբերության ոլորտներում: Ուսումնասիրությունները միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման բնագավառում ցույց են տալիս, որ ոռոգման ջրի օգտագործման օգտակար գործակիցը տատանվում է 0,47 – 0,62-ի տիրույթում, արդյունքում` 1989թ. համեմատությամբ, 2011թ.-ին ոռոգելի հողերի մակերեսը կրճատվել է ավելի քան 29,7 %-ով:

 

Հանրապետությունում ոռոգման գործընթացի կառավարումն իրականացվում է 43 ջրօգտագործող ընկերությունների կողմից: Դեռևս 2004-2008 թվականներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կարիքների բացահայտման արդյունքում ոռոգման ոլորտում ջրօգտագործման խնդիրները գնահատվել են մի քանի ցուցանիշներով, այդ թվում` ըստ գյուղացիական տնտեսություններում մշակաբույսերի փաստացի ոռոգման ռեժիմի, ջրաչափության, ՋՕԸ-ի մասնագիտական հմտությունների և գործունեության, ոռոգման և հողօգտագործման խնդիրների:

 

Պետք է նշել, որ ներկայումս հանրապետությունում ոռոգման գործընթացի տեխնոլոգիական կառավարման հիմքում ընկած են տարբեր ապահովվածությունների (25,50,75,95%) համար մշակված մշակաբույսերի ոռոգման ռեժիմներ, որոնք հիմնականում խոշոր նախագծերի կամ հեռաժամկետ կանխատեսումների համար ապահովում են դրական արդյունքներ:

 

Աշխարհի առաջատար գիտական հաստատությունների կողմից ապացուցված է, որ ջրօգտագործման կառավարման բնագավառում առավել ճշգրիտ արդյունքներ է ապահովում FAO-56 Պենման Մոնթեյթի մեթոդիկայով մշակաբույսերի ջրի պահանջի սահմանումը:

 

FAO-56 Պենման Մոնթեյթի մոդելը վերջին 10 տարիների ընթացքում փորձարկվել է ՀՀ տարածքի տարբեր բնակլիմայական պայմաններում, և ստացված արդյունքները թույլ են տալիս միանշանակ պնդելու, որ ոռոգման ջրի արդյունավետ կառավարման ապագան կախված է այս մեթոդի կիրառման օպերատիվությունից: Առաջարկվող մոդելի արդյունավետությունը կախված է նաև մեր` ջրօգտագործողներիս ու ՋՕԸ-ի մտածելակերպի փոփոխությունից, որին հասնելու համար հանրապետության խորհրդատեղեկատվական կառույցները զգալի ծավալով աշխատանքներ ունեն իրականացնելու:

 

Գտնում ենք, որ FAO-56 Պենման Մոնթեյթի մոդելի վրա ստեղծված ET չափիչների, եղանակի տեսության էլեկտրոնային կայանների և «Հայհիդրոմետ» ստացիոնար կայանների ցուցանիշների հիման վրա մշակաբույսերի ջրսպառման ռեժիմների սահմանումը թույլ կտա հանրապետության ոռոգման կառավարման գործընթացը ներկայացնելու ինչպես գիտական հանրությանը, այնպես էլ` արտադրությանը` որակական նոր մակարդակով:

 

Ավանդական մեթոդով խնդիրների լուծման արդյունքները ՋՕԸ-երին և ջրօգտագործողներին երբեմն հանգեցնում են մի շարք հակասությունների: Լուծման արդյունքները հիմնականում լինում են չհիմնավորված, ուշացած, մեթոդոլոգիապես ոչ ճիշտ, բացակայում է օպերատիվությունը ոռոգման ջրի բաշխման, հաշվառման, գնահատման գործընթացներում:

 

Այս պայմանների առկայությունը ենթադրում է հանրապետությունում անհապաղ մշակել և ներդնել ոռոգման գործընթացի կառավարման նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնց կիրառումը թույլ կտա ապահովելու ջրօգտագործման համակարգի կարողությունների հզորացումը և զարգացումը: Բացահայտված խնդիրների համապարփակ լուծման համար առաջարկվում է հանրապետության ջրօգտագործման բնագավառում արմատավորել միջազգային չափանիշներին համապատասխան նոր հասկացությունների, մեթոդների, տեխնոլոգիաների ներմուծում, որոնք առավելագույնս կարող են նպաստել ոռոգման գործընթացի արդյունավետ կառավարմանը: Առաջարկվող համակարգային լուծումները թույլ կտան ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները ներդնել ջրօգտագործման և հողօգտագործման համակարգերում: Ներկայացվող տեխնոլոգիական լուծումը թույլ կտա.

 

• ճշգրիտ և օպերատիվ գնահատել հողում խոնավության պաշարը,
• գնահատել հողում խոնավության նշանակությունը բույսերի կյանքի և զարգացման գործում,
• ճշգրտել մշակաբույսերի ջրման ժամկետները,
• կատարել ջրման տեխնիկայի արդյունավետության գնահատում`հիմք ընդունելով հողի ջրաֆիզիկական հատկությունները,
• նվազեցնել ոռոգման բացասական ազդեցությունը հողի, բույսի և շրջակա միջավայրի վրա,
• բարձրացնել ոռոգման գործընթացի կառավարման արդյունավետությունը,
• կանխատեսել, պլանավորել ջրման ժամկետները և նորմերը` հիմնվելով տվյալ տեղանքի ագրոկլիմայական ցուցանիշների վրա,
• ET չափիչների և եղանակի տեսության էլեկտրոնային ավտոմատ կայանների օգնությամբ իրականացնել ՋՕԸ կողմից ոռոգման գործընթացի կազմակերպման հնարավորությունների հզորացում և մոնիթորինգ:

 

ՀՀ-ում ոռոգման արդյունավետ կառավարման խնդիրների լուծումն անհնար է առանց եղանակի տեսության էլեկտրոնային կայանների կիրառության: Վերջին 10 տարիների ընթացքում, շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային համագործակցության, հանրապետություն է ներկրվել եղանակի տեսության ագրոօդերևութաբանական 5 կայան, որոնք տեղադրվել են ՀՀ 5 մարզերում: Այս կայանները, յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, կարողանում են գրանցել հետևյալ ցուցանիշները` օդի ջերմաստիճան, օդի հարաբերական խոնավություն, մթնոլորտային տեղումներ, քամու արագություն և ուղղություն, արևի ճառագայթման ինտենսիվություն:

 

Այս ցուցանիշները գրանցվում են ավտոմատ կերպով և հնարավորություն են տալիս կանխատեսելու, հաշվելու և, այնուհետև, ստանալու ոռոգման գործընթացի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ: Գտնում ենք, որ ոռոգման գործընթացի արդյունավետ կառավարմանն անհնար է հասնել` առանց ջրօգտագործման բնագավառում մշակված նոր տեխնոլոգիաների և չափիչ սարքավորումների ներդրման:

 

Ոռոգման արդյունավետ կառավարման նոր մտածելակերպի, տեխնոլոգիայի և մեթոդոլոգիայի ներդրումը բերում է հետևյալ խնդիրների լուծմանը.

 

• ջրօգտագործողների և ՋՕԸ-ի միջև ջրային հարաբերությունների կարգավորում, ոռոգման ռիսկայնության նվազեցում` կարճաժամկետ կանխատեսումների հիման վրա,
• մշակաբույսերի ոռոգման ռեժիմի և ջրի պահանջի որոշում` ագրոկլիմայական տեղեկատվական շարժական կայանների օգնությամբ,
• ոռոգման ջրի հեռավար հաշվառման և կառավարման տեխնոլոգիայի մշակում և ներդրում ՋՕԸ-ում, գյուղացիական տնտեսություններում,
• ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության գնահատում,
• մշակաբույսերի բերքատվության կանխատեսում և պլանավորում:

 

Կատարված առաջարկությունների իրականացման համար պատրաստակամ ենք համագործակցել գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների, ՀՀ ՋՕԸ-ի և ջրօգտագործողների հետ, արտադրության մեջ ներդնել գիտականորեն հիմնավորված առաջարկվող տեխնոլոգիաները:

 

Գ.Մ. Եղիազարյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Աղբյուրը՝ <<Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն>> ՓԲԸ

 

 

Տպել