Կարկտահարված պտղատու և խաղողի այգիների խնամքը

2014-06-27

karenberqashatՄարզի պտղատու և խաղողի այգիները գտնվում են այնպիսի գոտում, որտեղ հաճախակի կրկնվող կարկտահարությունները զգալի վնաս են հասցնում գյուղացիական տնտեսություններին:

Սակայն վնասվածության հետևանքները հնարավոր է մեղմացնել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք պայմանավորված են պտղատու ծառերին և խաղողի վազերին պատճառած վնասվածության բնույթով ու աստիճանով, որը կարող է լինել թույլ, միջակ, ուժեղ և շատ ուժեղ:

Կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1%-ոց բորդոյան հեղուկով` վերքերն ախտահանելու և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով: Սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված):

 

Երիտասարդ այգիների 1մ2 խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ և 50գ կալիումական աղ: Պտղաբերող այգիներին, կախված տարիքից, համապատասխանաբար, 8-10կգ գոմաղբ, 190-530գ ամոնիակային սելիտրա, 270-750գ սուպերֆոսֆատ և 70-200գ կալիումական աղ: Պարարտացումն անհրաժեշտ է զուգակցել առատ ոռոգումներով:

 

Եթե վաղ գարնանը արդեն տրվել են օրգանական և հանքային պարարտանյութեր, ապա կարելի է տնկարկները սնուցել միայն ազոտական պարարտանյութով` վերը նշված նորմաներով, իհարկե, շարունակելով առատ ջրումները: Դրական արդյունք են ապահովում նաև գոմաղբահեղուկով և թռչնաղբով, ինչպես նաև կենսապարարտանյութերով (հատկապես «Ազոցեովիտ-1»-ով` 5լ/հա ծախսի նորմայով) սնուցումները:

 

Գոմաղբահեղուկը պատրաստելու համար վերցնել համապատասխան մեծության տակառ, մինչև կեսը լցնել տավարի թարմ գոմաղբ և ավելացնել ջուր մինչև տակառի լցվելը: Լուծույթը լավ խառնել, թողնել 2-3 օր խմորման համարև պարբերաբար խառնել: Օգտագործումից առաջ 2-4 անգամ ջրով նոսրացնել, 1մ2 հողի մակերեսին տալ 1 դույլ հեղուկ:

 

Թռչնաղբը պատրաստելու նպատակով տակառը լցնել 1/3 մասով, այնպես, ինչպես գոմաղբահեղուկի պատրաստման դեպքում, սակայն հետագայում նոսրացնել 5-8 անգամ, 1մ2 մակերեսին տալով 1 դույլ հեղուկ:

 

Կարևոր միջոցառում է կարկտահարված ծառերի էտը, որի կատարումը մեծապես պայմանավորված է ծառերի հասակով, կարկտահարության ժամանակով և վնասվածության աստիճանով: Այդ իսկ պատճառով հարկավոր է ցուցաբերել տարբերակված մոտեցում: 1-3 տարեկան այգիներում, եթե շատ ուժեղ են վնասվել տերևները, շիվերը և ճյուղերը, անհրաժեշտ է կիրառել խորը էտ` հեռացնելով խիստ վնասված մասերը` նոր աճեր առաջացնելու և ասիմիլիացիոն մակերես ստեղծելու նպատակով: Այս միջոցառումը դրական արդյունք է ապահովում հատկապես դեղձենու մոտ: Երիտասարդ և միջահասակ ծառերի վնասվածության աստիճանը, եթե ուժեղ չէ` պետք է խուսափել ուժեղ հատումներից, պահպանել մնացած տերևային մակերեսը, համապատասխան էտի միջոցով նպաստել նոր շիվերի և տերևների ավելացմանը: Այդ հասակի ծառերի մոտ հարկավոր է հեռացնել այն ճյուղերը կամ դրանց այն մասերը, որոնք կոտրվել են և տերևները սկսել են չորանալ, ինչպես նաև հեռացնել այն ճյուղերը, որոնց վրա տերևներ չեն մնացել ու առաջացած մեծաքանակ վերքերի հետևանքով դժվար թե առաջանան նորերը: Մեծահասակ ծառերի մոտ, եթե կարկտահարությունից վնասվածությունն առանձնապես ուժեղ չէ, հնարավորության դեպքում պետք է պահպանել ասիմիլիացիոն մակերեսը, որը կնպաստի վնասված մասերի վերականգնմանը, այնուհետև հիմքից հեռացնել ջարդված, կախ ընկած ճյուղերը, առողջ մնացած տեղերից` կոտրվածները:

 

Խորհուրդ չի տրվում կտրվածքներին քսել այգու մածիկ: Այն փոխարինել կրակաթով կամ գոմաղբի կավահողի խառնուրդով (2/3 մաս կավահող + 1/3 մաս գոմաղբ), եթե վերքերը շատ են խորհուրդ է տրվում վնասված ճյուղերը ծածկել ամբողջ երկարությամբ, խուսափելով մինչև 3 տարեկան ծառերի պատումից:

 

Մեծահասակ ծառերը, որոնք ուժեղ վնասվածության հետևանքով պիտանի չեն իրենց խնդիրները բնականոն կատարելու, անհրաժեշտ է երիտասարդացնել գարնանը: Երիտասարդացնող էտի կիրառման աստիճանը պայմանավորված է ինչպես վնասվածության չափով, այնպես էլ` պտղատեսակով: Ուժեղ վնասված ծառերի կմախքային և կիսակմախքային ճյուղերը կարճացնել 4-5սմ, իսկ աճակալող ճյուղերը` 2-3սմ բնափայտի մոտից: Համեմատաբար թույլ վնասված ծառերը երիտասարդացնել 2-4 սմ` բնափայտի մոտից:

 

Կորիզավոր պտղատեսակների երիտասարդացումը կատարել ավելի թույլ, իսկ հնդավորներինը` ավելի ուժեղ:

 

Կարևոր նախապայման է պտղատու ծառերի երիտասարդացումը զուգակցել ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների պարտադիր կիրառմամբ, հատկապես` պարարտացման և ոռոգման աշխատանքների, ինչպես նաև վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների խնամքով կազմակերպման, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և հիմնականում ծառն ամբողջությամբ պահպանվի անվնաս ու առողջ:

 

Շատ կարևոր է ուշ աշնանային ջրումը, որը տրվում է կրկնակի չափաբաժնով, այն բարենպաստ է ազդում ոչ միայն հաջորդ տարվա բերքատվության վրա, այլև զգալիորեն բարձրացնում է ծառերի դիմադրողականությունը ձմեռային շրջանի անբարենպաստ պայմանների նկատմամբ:
Կարկտահարված խաղողի դեպքում պետք է հեռացնել վազի այն մատերը, որոնց կանաչ շիվերը խիստ են վնասվել և հիմքի 2-3 հանգույցները քիչ են վնասվել: Պետք է էտել (կարճացնել` թողնելով մատի հիմքի մոտ 2-3 կանաչ շիվ, վերջիններս պետք է էտել խորը` թողնելով 1-3 հանգույց): Դրանց ծաղկաբողբոջներից ուժեղ աճած շիվերը հաջորդ տարի գարնան էտի ժամանակ պետք է օգտագործել բերքի օղակներ կազմակերպելու համար: Այն դեպքում, երբ մատի վրայի շիվերը լրիվ, մինչև հիմքը չեն կոտրված, անհրաժեշտ մատն էտել` թողնելով հիմքին մոտ գտնվող 2-3 շիվ, և կարճացնել վերքի տակից: Հետագայում այդ շիվերի վրա առաջանում են մեծ քանակությամբ բճաշիվեր, որոնց մի մասը` թույլերը, և ոչ հարմար դիրք ունեցողներն անհրաժեշտ է հեռացնել, իսկ ծերատված շիվերի վերին 1-2 հանգույցներից աճող բծաշիվերը, պահպանել:

 

Վնասված այգիները հարկավոր է առատ սնուցել 1 հա-ին տալով 300-350 կգ ազոտ, 600 կգ սուպերֆոսֆատ, 200 կգ կալիումական աղ (ֆիզիկական քաշով)` զուգորդելով առատ ջրումներով: Հետագայում սնուցումները տալ ըստ պահանջի: Լավ արդյունք է ապահովում կենսապարարտանյութերով սնուցումը հատկապես` «Ազոցեովիտ-1»-ով` 5 լ/հա ծախսի նորմայով: Աշնանը ջրումների քանակը նվազեցնել որպեսզի շիվերի հասունացումը չձգձգվի և փայտացումն արագանա:

 

Անհրաժեշտ է ապահովել ագրոտեխնիկական բոլոր միջոցառումների անխտիր կատարումը, ինչպես նաև արդյունավետ պայքար կազմակերպել վնասատուների ու հիվանդությունների դեմ:

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

 

 

Տպել