Կորիզավոր պտղատեսակների հիմնական հիվանդությունները

2014-08-29

peach1. Բակտերիալ քաղցկեղ

Բավականին տարածված է հանրապետությունում, առավել շատ վնասվում են ծիրանենին և կեռասենին: Հարուցիչը բակտերիա է (Pseudomonas syriqae): Ախտանիշները` ընձյուղները, ծաղիկները, երիտասարդ պտուղը հանկարծակի թառամում, գորշանում ու չորանում են, երկար ժամանակ մնալով ծառերի վրա: Տերևների վրա առաջանում են ձուլված, ջրալի բծեր, տերևները դեղնում են գլխավոր ջղի ուղղությամբ և ժամանակից շուտ թափվում:

 

Ճյուղերի վարակման դեպքում դրանց մահացած կեղևի վրա առաջանում են թեթևակի ներս ընկած, կլորավուն կամ երկայնակի խոցեր: Խոնավ եղանակին, հատկապես գարնանը, այդ խոցերը լցվում են խեժով և ջրով, արտազատվում է մի տեսակ թթու հոտ: Չորանալով, խոցը սեղմվում է, չորանում, պատվում կալուսով: Ուժեղ վարակի դեպքում, երբ ճյուղը օղակաձև պատված է խոցով, ճյուղը չորանում է: Միակողմանի խոցի դեպքում նկատվում է տերևների թեթևակի ոլորում և եզրային նեկրոզ, աճը հետ է մնում: Հիվանդությունը հիվանդ ծառից առողջին փոխանցվում է հիմնականում էտի, պատվաստի դեպքում և զանազան պատճառներով առաջացած մեխանիկական վնասվածքներից: Բարձր խոնավությունը, հատկապես քամու զուգակցությամբ, անձրևները նունպես նպաստում են հիվանդության տարածմանը:

 

Պայքարի միջոցառումները

 

Հիվանդ բույսերի բուժումը բավականին բարդ է, ուստի հիմնական ուշադրությունը հարկ է դարձնել սանիտարա-նախազգուշական և ագրոտեխնիկական միջոցառումների վրա: Տնկարանում կամ այգում առանձին հիվանդ ծառեր նկատելիս անհրաժեշտ է դրանք անհապաղ հեռացնել և այրել: Ծառերի տեղը քլորակիր լցնել 1մ2 200գրամի չափով: Առանձին չորացած ճյուղերը հարկ է կտրել` ընդգրկելով 5–10սմ էլ առողջ մասից: Էտից հետո առաջացած վերքերը անմիջապես պատել այգու քսուկով: Աշնանը, տերևաթափից հետո, այգին պետք է սրսկել բորդոյան հեղուկի 3 կամ կուպրոկսատի 0.5% լուծույթով: Վաղ գարնանրը ծառերի բները սպիտակեցնել կրակաթի 20%-ոց լուծույթով:

 

2. Կորիզավորների խեժահոսություն (գոմոզ)

 

Խեժահոսությունը հիմնականում կորիզավորների հիվանդություն է: Բնորոշ է բներից, շիվերից խեժարտադրաթյամբ, որը սոսնձանման, առաձգական, դեղնակարմրագույն հեղուկ է, սառելով դառնում է թափանցիկ կամ մուգ, ապակենման, քաղցրահամ: Տարածված է հանրապետության բոլոր մարզերում, հիվանդանում են ծիրանենին, դեղձենին, սալորենին, կեռասենին, բալենին, նաև նշենին: Խրոնիկ խեժահոսությունը ոչ միայն թուլացնում է ծառը, նվազեցնում բերքը, կարող է չորացնել առանձին ճյուղեր, երբեմն էլ ամբողջ ծառը:

 

Հիվանդությունը և խեժարտադրությունը կարող է առաջանալ ամենատարբեր գործոնների ազդեցությամբ, բույսի կյանքի ու զարգացման համար անբարենպաստ պայմաններից, վնասատուների գործունեությունից, հիվանդությունների (հատկապես մոնիլյոզ, ծակոտկեն բծավորություն, վերտիցիլյոզ, ցիտոսպորոզ, բակտերիալ նեկրոզ և այլն), հողի շատ բարձր կամ հակառակը` խիստ ցածր խոնավությունից, ոչ հաշվեկշիռ պարարտացումից և այլն:

 

Պայքարի միջոցառումները

 

Խեժահոսության դեմ պայքարը հիմնականում նախազգուշական է, կարևորվում է տարբեր տեսակի մեխանիկական վնասվածքներից, արևահարությունից, ցրտաճաքերից ծառերի պաշտպանությունը:

ժամանակին ու ճիշտ կիրառել էտն ու ձևավորումը, անպայման դրանցից հետո վերքերը մշակել այգու մածուկով:

Ժամանակին ու ճիշտ պայքար տանել հիվանդությունների, հատկապես ծակոտկեն բծավորության, մոնիլյոզի և բողբոջների վնասվածքների դեմ:

Ագրոտեխնիկան, որն ապահովում է ծառերի նորմալ աճն ու զարգացումը, չի կարելի միակողմանի կամ ավելցուկային ազոտական պարարտացումը:

Այգի հիմնելիս ընտրել թեթև, լավ օդափոխվող հողեր: Հարկ է ամեն տարի բույսերը սպիտակեցնել կրակաթի 20 %-անոց լուծույթով:

Եթե խեժահոսությունն արտահայտվել է, հարկ է վերքերը մաքրել, ընդգրկելով նաև առողջ հյուսվածքներից 5-6 սմ, ապա ախտահանել պղնձարջասպի 1 %-անոց լուծույթով:

 

3. Կորիզավորների ծակոտկեն բծավորություն

 

Հարուցիչը սունկ է (Clasterosporium carpophilum): Վարակվում են բոլոր կորիզավորները, նաև նշենին: Վարակվում են վերերկրյա բոլոր օրգանները:

 

Տերևների վրա վարակն արտահայտվում Է կլոր, սկզբում կարմրամանուշակագույն, բաց շագանակագույն, կարմրագորշավուն, հետագայում` բաց շագանակագույն բծերի ձևով, որոնք պարփակված են ավելի մուգ, կարմրաշագանակագույն երիզով: Սկզբնական շրջանում բծերը շատ մանր են, մի քանի օրից դառնում են 3-5 մմ մեծության, դրանից 1-2 շաբաթ անց բծերը ընկնում են առաջանում են անցքեր: Հաճախ տերևների եզրերը կամ կենտրոնական ջղի շրջակայքը թողնում Է միջատների կերվածքի տպավորություն: Վարակված տերևները մասնակի կամ լրիվ չորանում են, տերևակոթունի վարակման դեպքում նաև թափվում (հատկապես ծիրանենու և դեղձենու մոտ):

 

Շվերի վրա առաջանում են կետանման, ապա 2-5 մմ մեծության կարմրավուն բծեր, դրանք սկզբում կլորավուն են, հետագայում երկարավուն, ավելի ուշ ճաքճքվում, ճեղքվում են: Երբեմն առաջացած վերքերից խեժահոսություն Է նկատվում:

 

Պտուղների վրա վարակը արտահայտման տարբեր ձևեր անի: Հատկապես ուժեղ են վարակվում ծիրանենու պտուղները, որոնց վրա սկզբում առաջանում են կարմրագորշավուն մանր կետանման բծեր, հետագայում բծերը մեծանում են մինչև 3 մմ տրամագծով, ապա ընդունում են մի տեսակ գորտնուկի տեսք: Ուժեղ վարակի դեպքում բծերը միաձուլվում, կեղևակալում են: Երբեմն բծերը, գորտնուկները ընկնում են, առաջացնում փոսիկներ, խոցեր, որոնցից կարող Է խեժահոսություն նկատվել (սալորենի): Խիստ ընկնում Է պտուղների ապրանքային տեսքը, որակը:

 

Կեռասենու և բալենու վարակված պտուղները միակողմանի ծռմռվում են, վարակված կողմը դադարում Է աճելուց, երբեմն մինչև կորիզը կարող Է չորանալ:

 

Առանձնապես վտանգավոր է բողբոջների ու ծաղիկների վարակվելը (դեղձենի, ծիրանենի): Հիվանդ բողբոջները մահանամ են: Ի տարբերություն ցրտահարվածի, այդպիսի բողբոջները սև, մի տեսակ լաքապատվածի տեսք ունեն, որն առաջանում է արտազատված խեժի շատ բարակ շերտով:

 

Հիվանդությունը տարածված է հանրապետության բոլոր մարզերում: Ծառի վրա ավելի ուժեղ վարակվում են ներքևի հարկաբաժնի (յարուսի) տերևները և պտուղները: Նույնիսկ ուժեղ վարակված ծառի վերին մասում կարող են լինել առողջ տերևներ և պտուղներ:

 

Մեր հետազոտություններից ու դիտումներից պարզվել է, որ դեղձենու և ծիրանենու մոտ շվերի վարակը տեղի է ունենամ հիմնականում աշնանը, հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբներին, երբ անձրևային, հատկապես մառախլապատ եղանակ է: Աշնանը արդեն կազմակերպված բողբոջները վարակվում են, ապա նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի սկզբներին, հատկապես տաք տարիներին, բողբոջների շուրջը հյուսվածքները մահանում են, առաջացնելով բավականին մեծ, նկատելի բծեր, որոնք երբեմն ընդգրկում են շվի կեսից ավելին: Ուժեղ վարակի առկայության դեպքում, մանավանդ, երբ աշնանը բուժումներ, սրսկումներ չեն կատարվում, արդեն դեկտեմբեր ամսին վարակը կարող է օղակաձև ընդգրկել շիվը և չորացնել այն: Այդպիսի շվերի չորացումը, գարնանը հաճախակի վերագրում են ցրտահարությանը:

 

Պայքարի միջոցառումները

 

Աշնանը, տերևաթափից առաջ կտրել ու այգուց դուրս այրել վարակված շվերն ու ճյուղերը: Ամեն կերպ բարձրացնել ծառերի դիմացկունությունը, ժամանակին և ճիշտ պարարտացնել: Վաղ գարնանը ծառերի բները և կմախքային ճյուղերը սպիտակեցնել կրակաթի 20% -ոց լուծույթով:

Քիմիական պայքարը հիմնականում կատարվում է պղինձ պարունակող պատրաստուկներով, սակայն կորիզավորները (հատկապես դեղձենին) շատ զգայուն են պղինձ պարունակող պատրաստուկների նկատմամբ: Այս առումով վեգետացիայի ընթացքում, ներառյալ սեպտեմբեր ամիսը, նպատակահարմար չէ այդպիսի պատրաստուկների կիրառումը: Մեր հետազոտություններով ու դիտումներով պարզվել է, որ պղինձ պարունակող պատրաստուկները (բորդոյան հեղուկ, պղնձարջասպ, պղնձի օքսիքլորիդ, կուպրոկսատ) նպատակահարմար է օգտագործել աշնանը, որն ավելի արդյունավետ է կամ գարնանը բողբոջների ուռչման փուլում: Պարզվել է նաև, որ պղինձ պարունակող պատրաստուկների արդյունավետությունը մեծապես կախված է ժամկետի ճիշտ ընտրությունից. առավել արդյունավետ է, երբ սրսկումները կատարվում են հոկտեմբերի 20-ից նոյեմբերի կեսերը, եթե մինչև նոյեմբերի կեսը անձրևներ չեն եղել, տաք, չոր եղանակ է: Անձրևներից, հատկապես մառախլապատ օրերից հետո կատարված սրսկումները ավելի քիչ արդյունավետ են, քանի որ շվերն արդեն վարակված են լինում: Այսինքն, եթե մինչև սրսկումները տաք չոր եղանակ է վերոհիշյալ պատրսատուկներն ապահովում են բարձր արդյունավետություն:

Աշնանային կամ գարնանային սրսկումները կատարել հետևյալ պատրաստուկներից մեկով. բորդոյան հեղուկ 3%, պղնձարջասպ 0.5%, պղնձի օքսիքլորիդ 0.3-0.4%, կուպրոկսատ 0.5%: Պարզվել է, որ վեգետացիայի ընթացքում ծաղկումից 10– 12օր հետո, շատ արդյունավետ է սրսկումները տոպազի, սկորի 0.05%, դելանի 0.5% և խորուսի 0.2 կգ/հա լուծույթներով, հաջորդ սրսկումները` 2 շաբաթ անց:

 

4. Դեղձենու տերևների գանգրոտություն

 

Գանգրոտությունը ամեն տարի տնտեսական մեծ վնաս է հասցնում Տավուշի մարզում, սակայն ցուրտ, ձգձգվող, խոնավ գարուն ունեցող տարիներին, ինչպես 2002թ. գարունն էր, հիվանդությունը բուռն զարգացում է ստանում ու զգալի վնաս է պատճառում նաև Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Հիվանդության հարուցիչը սունկ է (Taphrina defomans): Վաղ գարնանր վարակվում են տերևները, միամյա շվերը, որոնք հիպերտրոֆիայի են ենթարկվում: Տերևները հաստանում, մսալի են դառնում, չափերով շատ ավելի խոշոր են առողջ տերևներից, մի տեսակ ալիքավոր, գանգուր, կարմրագորշավարդագույն: Հետագայում տերևները գորշանում, թափվում են, ըստ որում շվի մերկացումը, տերևների թափվելը, սկսվում է վարակված շվի հիմքի մասից, որի պատճառով էլ շիվը ստանում է վրձնի տեսք: Շիվը ձևափոխվում, ծռմռվում է, դրանց մեծ մասը մահանում է, մյուսները մահանում են առաջին իսկ ցրտերի ժամանակ: Վաղաժամկետ տերևաթափի պատճառով ծառը խիստ թուլանում է, վատ է ձմեռում, 2-3 տարի ժամանակին ու ճիշտ պայքար չտանելու դեպքում, այգին կարող է ամբողջովին չորանալ:

 

Գարնանը, տերևաթափից հետո, ծառը նոր տերևներ է առաջացնում, որոնք սովորաբար չեն վարակվում, սակայն 2002թ. ապրիլ-մայիս ամիսներին նոր առաջացած տերևները վարակվեցին գանգրոտությամբ և կրկին թափվեցին, խախտվեց ասիմիլյացիան, ինչն, իհարկե, անդրադարձավ բերքի վրա. ծառերը հյուծվեցին և հնարավոր է չորանային, մանավանդ որ ընթացիկ ձմեռը խիստ ցրտաշունչ էր:

 

Հիվանդության հիմնական սկզբնաղբյուրը բողբոջների թեփուկների արանքում, կեղևի ճեղքերում ձմեռած հիվանդության հարուցիչ սնկի սպորներն են (ասկոսպորներ), չի բացառվում նաև վարակի պահպանումը շվերի մեջ սնկամարմնի ձևով:

 

 

Պայքարի միջոցառումները

 

Երբ գարնանը դեղձենին արդեն վարակվել է գանգրոտությամբ, արդյունավետ պայքարը հիվանդության դեմ գործնականում անհնար է: Նախ վեգետացիայի ընթացքում պղինձ պարունակող պատրաստուկների կիրառումը ցանկալի չէ, մյուս կողմից էլ պարզ է, որ վարակված, գորշացած տերևները, ծռմռված շիվերը չեն վերականգնվելու, բուժվելու: Այս առումով էլ գանգրոտության դեմ հիմնական պայքարը հարկ է տանել դեղձենու հանգստի փուլում:

 

Բավականին արդյունավետ են աշնանային (հոկտեմբերի 20-30-ը) կամ գարնանային` մինչև բողբոջների ուռչելը, բորդոյան հեղուկի 3%-ոց կամ պղնձարջասպի 0.5%, պղնձի օքսիքլորիդի 0.3-0.4% լուծույթներով սրսկումները:

 

Գարնանը սրսկում կարելի է կատարել նաև կուպրոկսատի 0.5% լուծույթով: Մեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առավել արդյունավետ է աշնանը սրսկել բորդոյան հեղուկի 3%-ոց, իսկ գարնանը, նույն այգին սրսկել կուպրոկսատի 0.5% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում արդյունավետ է (նվազում է հիվանդության հարուցիչի ձմեռող պաշարը) դելանի 0.5%, սկորի 0.05% լուծույթներով սրսկումները:

 

 Աղբյուրը՝ «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել