ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մոսկվայում հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ

2014-10-10

IMG_0113ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին և հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

 

Ողջունելով եկեղեցու կառուցման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ջերմ ընդունելության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է այդ քայլի կարևորությունը Ռուսաստանի հայ համայնքի հոգևոր կյանքի աշխուժացման և ազգային արժեքների պահպանման համար:

 

«Ես հիացած եմ Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցված այս հոյակերտ եկեղեցու շքեղությամբ և լիովին համոզված եմ, որ այն մշտապես կունենա հայապահպան առաքելություն ու կծառայի Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների ազգային ինքնության ամրապնդմանը» , – նշել է նախարարը:

 

Այնուհետև Եզրաս արքեպիսկոպոսի խնդրանքով նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և հույս հայտնել, որ այս տարի ևս ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի տնտեսական աճ:

 

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին նշել է, որ քաջատեղյակ է ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հետ կայացած հանդիպման հաջող արդյունքների, ինչպես նաև «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների միջազգային ցուցահանդեսում հայաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցության մասին:

 

«Մեզ համար մեծ պատիվ է լսել, որ ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել նաև ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և բարձր գնահատել ցուցահանդեսում ներկայացված հայկական արտադրանքը», – նշել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

 

Նա նաև համոզմունք է հայտնել, որ նման խոշոր միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը կարող է հանգեցնել առևտրական հարաբերությունների ընդլայնմանն ու հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտմանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել