Մեղվապահի աշխատանքները ձմեռացումից հետո

2015-02-27

пчелы-весной1Մեղվի ընտանիքների ձմեռանոցից դուրս դնելը սովորաբար կատարվում է փետրվարի վերջին, մարտի սկզբին տաք արևոտ եղանակին. դա կապված է մեղուների վարքից: Ձմեռվա վերջին +6 աստիճանից բարձր ջերմաստիճանը մեղուների մոտ առաջ է բերում անհանգստություն, նրանք աղմկում են, աշխատում են դուրս գալ փեթակից:Նման դեպքերում պետք է ձնից մաքրել մեղուների համար առանձնացված հարթատեղերը, ավազ շաղ տալ:Մեղուները գիշերը հանգստանում են, առավոտյան հանգիստ թռիչք կատարում: Նույն օրը մեղուները սկսում են բները մաքրել սատկած մեղուներից և  ծաղկափոշի են բերում:

 

 

Անհետաձգելի աշխատանքներ մեղվանոցում


Վաղ գարնանը, օգտվելով արևոտ, տաք եղանակից, անհրաժեշտ է թույլ ընտանիքներին ցուցաբերել օգնություն:Առաջին հերթին հարկավոր է օգնել պաշարազուրկ ընտանիքներին:Դատարկ մեղրահացերը հանել, և դրանց տեղը դնել լիքը մեղրահացեր:Վերջինիս բացակայության դեպքում կերակրել 1.5:1 հարաբերությամբ շաքարաջրով:
Լուծույթը գոլ վիճակում լցնել մեղրահացերի վրա, թափահարել:Մեկ մեղրահացում կարող է տեղավորվել մինչև 1 լիտր շաքարաջուր: Նման մեղրահացերը դնում են սերնդի (ձու, թրթուր, հասնյակ) կողքին` նախապես մաքրելով փեթակների հատակները և լավ տաքացնում են տաքացման բարձիկներով:Մկներից տուժած ընտանիքները լավ կլինի տեղափոխել մաքուր և ախտահանած փեթակների մեջ: Անմայր ընտանիքներին տալիս են պահեստային մայրեր մայրավանդակների միջոցով: Մայրավանդակի կերի բաժնում դնում են մեղր: Բացելով փեթակի կափարիչը, մոր թևերից զգուշությամբ բռնելով 3-5 մեղուների հետ` տեղադրում են մայրավանդակում, որը դնում են շատ կուտակված մեղուներով մեղրահացերի արանքում, փեթակի առաջնային մասից:

Եթե հաջորդ օրը մեղուները հանգիստ են, կնճիթները հանած ջանում են կերակրել մորը, մեղվապահը բացում է վանդակի կերի բաժնի փականը, բացված անցքին փակցնում մոմաթերթերի կտոր: Մեղուները մոմաթերթը կրծելով վանդակից հանում են մորը. Անհրաժեշտ է  նայել 5-6 ժամ  հետո: Եթե նա հանգիստ շարժվում է մեղրահացերի վրա, նշանակում է որ մայրը մեղուների կողմից ընդունվել է: Իսկ եթե կծիկ են կազմել, ուրեմն չի ընդունվել:

 

Ընտանիքների ստուգումները և աշխատանքները նրանց հետ

 

Թույլ ընտանիքների ստուգումներից հետո անհրաժեշտ է ստուգել ամբողջ մեղվանոցը:Եթե եղանակը տաք է, անհրաժեշտ է բացել փեթակները և ստուգել կերի ու սերնդի առկայությունը, հանել ավելորդ շրջանակները, մաքրել հատակները, տեղադրել կերամանները և տաքացման բարձիկները, որից հետո փակել փեթակները:Մեղվի ընտանիքները պետք է համարակալել, տվյալները գրանցել մատյանում:Մեղուների ընտանիքների չափից ավելի բացելը շեղում է նրանց աշխատանքից, խանգարվում է բնի ջերմային և օդային ռեժիմը:

 

Մեղվի ընտանիքների կերակրումը և ջրով ապահովումը

 

Մեղուները, թրթուրների կեր պատրաստելու համար օգտագործում են մեղր, մայրակաթ, ծաղկափոշի և ջուր (շիլա):Օրվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք կարող է օգտագործել մինչև 0.5լ ջուր: Ջրամանը, դա ջրով բաք է, որի ծորակի տակ թեքութամբ տեղադրվում են փայտե տախտակ, ամբողջ երկանքով ոլորապտույտ փորվածքով: Ջուրը հոսելով խոնավացնում է տախտակը և մեղուները հեշտությամբ օգտվում են ջրից:
Մեղուների կերակրումներն ունեն 3 նպատակ՝ կերապաշարի լրացում, դեղամիջոցների օգտագործում և որպես գրգռիչ կեր:Գարնանը կերապաշարը լրացնելու համար օգտագործում են շաքարաջուր 1.5:1 հարաբերությամբ:Մեղուների կերակրումները դեղամիջոցներով տալիս են համաձայն հրահանգի:

 

Մեղուների գողությունները

 

Մեղուների գողությունները դրսևորվում են գարնանը, երբ դեռ չի սկսվել մեղրաբերքը և աշնանը, երբ այն արդեն ավարտվել է:Հարձակումների են ենթարկվում հատկապես վատ պաշտպանվող, անմայր, թույլ ընտանիքները: Գողության ենթարկված ընտանիքը պետք է տեղափոխել մեղվանոցից 3կմ հեռավորության վրա և տեղը դնել 2-3 դատարկ մեղրահացերով փեթակ` ներկված նույն գույնով, արկանոցը բաց: Գող մեղուները, տեսնելով որ փեթակում այլևս ոչինչ չկա, աստիճանաբար հանգստանում են: Մեղրաբերք չեղած շրջանում մեղուների հետ անհրաժեշտ է աշխատել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան շատ զգույշ, ծխարարով:

 

Բների լայնացում


Բները լայնացնելիս պետք է շատ զգույշ վարվել:Ժամանակից շուտ նոր մեղրահացեր դնելը կարող է կասեցնել ընտանիքի աճը, իսկ ուշացումով դնելը կարող է ստեղծել նեղվածություն, որը կսահմանափակի մայրերի ձվադրումը և  մեղուներին անաշխատունակ վիճակի կհասցնի:Փեթակները պետք է բացել 7-10 օրը մեկ, ստուգել ընտանիքների վիճակը:Եթե բոլոր մեղրահացերը պատված են մեղուներով և նախավերջին շրջանակներում կա սերունդ, այն կարելի է լայնացնել երկու մեղրահացերով: Բները դասավորում են հետևյալ կերպ. կողքերից դնում են կերով մեղրահացերը, հետո հարսնյակներովը, այնուհետև նոր մեղրահացերը, ապա մնացածները: Բները լայնացնելիս անհրաժեշտ է օգտագործել շագանակագույն մեղրահացեր, միայն աշխատավոր բջիջներով: Երբ որ փեթակը լրացվում է, նրա վրա դնում են վերնահարկ կամ կիսավերնահարկ:Հայաստանում օգտագործվում են Լանգստրոտ 18 շրջանականոց, բազմահարկ 10 շրջանականոց տիպի փեթակներ, որոնց շրջանակի բարձրությունը 23սմ է, դադանբլատ տիպի 12 շրջանականոց, հորիզոնական 16,20,24 շրջանականոց փեթակներ, որոնց բարձրությունը 30սմ է:

 

Աղբյուրը` «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել