Պտղատու ծառերի էտ և ձևավորում

2015-02-18

Baum verschneiden - tree cutting 16Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել, թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Ծառերի սաղարթի բնական ձևերի և չափերի վերակառուցումը սկսվում է այգու տնկման առաջին տարվանից և ավարտվում է 4-5-րդ տարում: Ծառերի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները. Կենտրոնական ուղեկցողի հետ սուր անկյուն կազմող ճյուղերը էտել, պահպանելով ուղեկցողի իշխող դերը: Խորհուրդ է տրվում կիրառել ծառերի ձևավորման հետևյալ եղանակները.

 

 ա) Նոսր հարկային սաղարթ – ձևավորել խնձորենու, տանձենու, ծիրանենու և կեռասենու ծառերը:

բ) Բարելավված բաժակաձև սաղարթ – ձևավորել դեղձենին:

գ) Կիսատափակ սաղարթ – ձևավորել սալորենու, դեղձենու և խնձորենու թույլաճ ծառերը:

 

Էտը և ձևավորումը նպատակային այն միջոցառումն է, որը անմիջապես ներգործում է ծառի վրա և հնարավորություն է տալիս.

 

1. Սննդանյութերի նպատակահարմար բաշխումը ծառի աճող և պտղաբերող օրգանների միջև:

2. ՈՒժեղացնել երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների և պտղագոյացումների զարգացումը, արագացնել նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջան:

3. Ակտիվ վիճակում պահպանել ծառի աճեցողությունը ու բերքատվությունը:

 

Գոյություն ունեն էտի մի քանի ձևեր և շիվերի կարճացում, նոսրացում, սաղարթի իջեցում և երիտացարդացում, որոնք կարող են կիրառվել թե առանձին և թե միաժամանակ: Շիվերի կարճացումը լինում է թույլ, միջակ և ուժեղ: ՈՒժեղ կարճացման դեպքում աճը ուժեղացնում է, սակայն տեղի է ունենում բերքի կորուստ: Նոսրացմամբ կարգավորվում է ճյուղերի համաչափ դասավորվածությունը և բարելավվում է սաղարթի կենտրոնական մասի լուսավորությունը:Ընդ որում, սնկային հիվանդությունները թույլ են զարգանում, պտուղները ունենում են նորմալ մեծություն և սորտին համապատասխան գունավորում և որակ: Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային և ամառային:Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում,որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո:Ամառային էտի նպատակն է կարճացնել և նոսրացնել կանաչ շիվերը և հոռաշիվերը: Էտը պետք է կատարել սուր գործիքներով, բողբոջից 1-1,5սմ ներքև, իսկ վերքերին քսել այգու մածիկ,խուսափելով բութակներից: Առանձին ծառատեսակներ պահանջում են յուրահատուկ էտ և ձևավորում, օրինակ‘ դեղձենին պտղաբերման է անցնում 4-5 տարում,սակայն երկարակյաց չէ: 10-12 տարեկան ծառերը կարելի է թույլ երիտասարդացնել, 2-3 տարեկան ճյուղերը (բնափայտը) և խիտ սաղարթը նոսրացնել: Ծիրանենին պետք է ավելի խորը էտել, երիտասարդեցնել,հեռացնելով նույնիսկ 8-10 տարեկան ճյուղերը, բայց ոչ այնքան,որ բոլորովին զրկվի տերևային մակերեսից: Տարիքավոր կեռասենու նկատմամբ, որի աճը շատ թույլ է, կիրառել երիտասարդացնող էտ, հեռացնելով նույնիսկ լավ ճյուղավորված 2-3 տարվա շիվերը: Բալենու մեծահասակ թփաձև ծառերը թեթև երիտասարդացնել:

 

Աղբյուրը` «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

 

Տպել