ՀՀ ԳՆ և ՏԿԱԻՆ ղեկավարներն այցելել են Արագածոտնի և Լոռու մարզերի ռադիոլոկացիոն կայաններ

2015-04-07

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Արագածոտնի և Լոռու մարզեր` հակակարկտային և ռադիոլոկացիոն կայանների ընթացիկ աշխատանքները դիտարկելու և պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով:

 

Նախարարների այցի առաջին կանգառն Արտաշավան համայնքում էր, որտեղ տեղակայված է հանրապետությունում գործող ռադիոլոկացիոն կայաններից մեկը: Նախարարներին ուղեկցում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

 

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-իտնօրեն Արմեն Կարապետյանի ներկայացմամբ` հանրապետության 412 պետական և համայնքային սեփականության հակակարկտային կայանները գտնվում են այդ կայանի տեսադաշտում: Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանի կողմից ամբողջությամբ վերահսկվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարածքը:

 

Մարտի 30-ին Երևանում և մայրաքաղաքին հարող հատվածներում տեղացած կարկուտի ժամանակ կայաններից արձակվել են կրակոցներ, ինչը թույլ է տվել մեղմել կարկուտի հետևանքները և խուսափել վնասներից:

 

«Թեև ցրտահարության հավանականությունը հանրապետությունում արդեն նվազել է, սակայն կարկտահարությունների հավանականությունը շարունակում է պահպանվել, ուստի կարևոր է միջոցներ ձեռնարկել տեղումների դեպքում դրա հետևանքները մեղմելու ուղղությամբ: Այդ պարագայում գյուղատնտեսական հաջող տարվա ակնկալիքներն այս տարի իսկապես կարդարանան», – նշել է Սերգո Կարապետյանը:

 

Ռադիոլոկացիոն կայանի աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարարներն այցելել են նաև Արտաշավանի հակակարկտային կայան, որը լիցքավորված է և գտնվում է պատրաստ վիճակում: Նախարարների ներկայությամբ կայանից իրականացվել են փորձնական կրակոցներ:

 

«Ռադիոլոկացիոն կայանների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, և հայ-ռուսական համագործակցության արդյունքում՝ նախատեսվում է հանրապետությունում դրանց թիվն ավելացնել ևս 7-ով, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել հակակարկտային կայանները: Հանրապետության բոլոր 412 հակակարկտային կայանները տեսանելի են Երևանից և կառավարվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ` մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններից, բոլորը լիցքավորված են և բերված պատրաստականության բարձր վիճակի», – հայտնել է նախարար Արմեն Երիցյանը:

 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կայանների աշխատանքը` ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է սեղմ ժամկետում բարեկարգել նաև կայանների հարակից տարածքը:

 

Այնուհետև նախարարները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Դսեղի ռադիոլոկացիոն կայան, որը սպասարկում է Լոռու, Շիրակի, Տավուշի, մասամբ` նաև Արագածոտնի մարզերը: Ռադիոլոկացիոն կայանը դիտարկում է 300 կմ շառավղով տարածք, իսկ կրակոցներ կարող է իրականացնել 150 կմ շառավղով: Լոռու մարզում առկա են 33, Շիրակում` 56, Տավուշում` 3 հակակարկտային կայաններ:

 

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հետաքրքրվել է, թե ինչ մակարդակի վրա է մարզային ՃԿԿ-ների հետ համագործակցությունը, ինչին ի պատասխան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և ցանկացած տեղեկատվություն զեկուցվում է անձամբ իրեն:

 

Արմեն Երիցյանը հանձնարարել է ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանին արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկացնել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել