Ջերմոցային տնտեսությունների արտադրանքը մրցունակ է արտերկրում. ՀՀ գյուղատնտեսության նախարար

2015-06-10

1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հարցազրույցը “Դե ֆակտո” ամսագրին

 

-Պարոն Կարապետյան, ինչպես եք գնահատում ջերմոցային տնտեսությունների գործունեությունը Հայաստանում:

 

-Ինչպես հայտնի է վերջին տարիներին ագրարային ոլորտի պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է եղել առկա ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար պայմանների ստեղծումը: Այս առումով մեր հանրապետության բնատնտեսական պայմաններում հիմնավորված է համարվում ջերմատնային տնտեսության զարգացումը, որն իր արտացոլումն է գտել ոլորտի ուղենիշային ծրագրային փաստաթղթերում:

 

Ջերմատնային տնտեսության զարգացման հիմնական խնդիրներն են` բանջարեղենի արտադրության սեզոնայնության մեղմումը, գների սեզոնային տատանումների հնարավոր կանխարգելումը, հյուսիսային ու լեռնային շրջաններում ջերմասեր բույսերի աճեցմանը նպաստելը և բուսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության վիճակի բարելավումը:

 

Եթե 2011 թվականին հանրապետության տարածքում շահագործվող ջերմատների ընդհանուր տարածքը կազմում էր շուրջ 500.0 հեկտար, որից նորագույն տեխնոլոգիաներով` 1.9 հա, ապա 2015 թվականի մայիսի 20-ի դրությամբ ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 763.62 հեկտար, որից նորագույն տեխնոլոգիաներով` 80.16 հա, այդ թվում` 48.66 հա ՀՀ Կոտայքի ( ՛՛Մավաս գրուպ՛՛ ՍՊԸ` 16.3 հա, ՛՛Էկոտոմատո՛՛ ՓԲԸ` 8.5 հա, ՛՛Կագա Ագրո՛՛ ՍՊԸ` 2.3 հա և այլն), 1.2 հա ՀՀ Արմավիրի ( ՛՛Բիգա՛՛ ՍՊԸ ), 30.3 հա ՀՀ Արարատի ( ՛՛Գրին հաուս՛՛ ՍՊԸ` 30 հա) մարզերում: Մի քանի օր առաջ Կոտայքի մարզում բացվեց ևս 2 ջերմոցային տնտեսություն (՛՛Արմյանսկիյ Ուրաժայ՛՛ ՍՊԸ` 10.5 հա ) ( ՛՛Պրոգրես Ագրո՛՛ ՍՊԸ` 50 հա) :

 

Ջերմատներում աճեցվում են լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ և այլն: Սովորական հին տեխնոլոգիաներով շահագործվող ջերմատներում 1 ք.մ-ի բերքատվությունը տատանվում է 8-20 կգ-ի սահմաններում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 65-75 կիլոգրամի։

 

Իհարկե, չնայած գրանցված դրական տեղաշարժերին, ջերմոցային տնտեսությունների գործունեության առկա մակարդակը դեռևս բավարար չէ և ներկայիս պետական քաղաքականությունը նպատակաուղղված է այդ բնա•ավառում առկա ներուժի օգտագործմանը:

 

-Ջերմոցային տնտեսության գործունեության զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում:

 

-Հանրապետությունում ջերմատնային տնտեսության զարգացումն այն կարևորագույն ուղղությունն է, որը, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, նպաստելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմմանը, բուսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավմանը և, որ ամենակարևորն է, երկրի պարենային անվտանգության ապահովմանը:

 

Բացի բարենպաստ բնակլիմայական պայմաններից, Հայաստանում կա նաև բազմամյա հարուստ փորձ, ավանդույթներ, մասնագիտական ներուժ, որն անհրաժեշտ պայման է ոլորտի զարգացման համար: Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ մեր ջերմոցային արտադրանքը նույնպես իր որակական ու համային հատկանիշներով վաղուց արդեն ճանաչում և մեծ պահանջարկ է վայելում:

 

Ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքների ավելացումը ներառված Է ՀՀ կառավարության ծրագրում և նպատակ է հետ պնդում մեղմել գյուղատնտեսական մթերքների գների սեզոնային տատանումը, ինչպես նաև ավելացնել դրանց արտահանման ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր:

 

՛՛Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման՛՛ հայեցակարգում շեշտադրվում են ջերմատնային տնտեսություններում ապահովագրական համակարգի ներդրման, նպատակային միջնաժամկետ ու երկարաժամկետ մատչելի վարկավորման և լիզինգային մատչելի մեխանիզմներով սարքավորումների մատակարարման հարցերը:

 

Հատկապես վերջին տարիներին տնտեսավարողների մոտ լուրջ շահագրգռվածություն է նկատվում ջերմոցային տնտեսությունների կառուցման ուղղությամբ: 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստացել է ջերմատների կառուցման 11 բիզնես–առաջարկ` շուրջ 50 հեկտարի համար 141 մլն. դոլար վարկային միջոցների պահանջով, որոնք ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկ։

 

2015 թվականին կկառուցվեն ժամանակակից տեխնոլոգիաներով ևս շուրջ 50 հեկտար ջերմատներ, որից 25 հեկտարը` ՀՀ Արարատի մարզում, 25 հեկտարը` ՀՀ Կոտայքի մարզում:

 

Այդ կապակցությամբ ներկայումս մեր հիմնական խնդիրն է ընդլայնել աջակցությունը նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսությունների զարգացման սկսված գործընթացին:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմոցային տնտեսությունների համար կոնստրուկցիաները, տնկանյութը և այլ միջոցները հիմնականում ներմուծվում են և դրանց ավելացված արժեքի հարկով հարկումը խոչընդոտում է ժամանակակից ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է կատարել օրենսդրական փոփոխություն` ջերմոցային կոնստրուկցիաների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ: Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ընդունվել է Ազգային Ժողովում: Այս օրենսդրական փոփոխությունը կնպաստի ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքների ավելացմանը և բարենպաստ պայմաններ կստեղծի ջերմոցային տնտեսության զարգացման համար:

 

-Որքանո՞վ է Հայաստանի ջերմոցային տնտեսության արտադրանքը մրցունակ արտերկրում:

 

-Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունների արտադրանքը լիովին մրցունակ է արտերկրում: Ինչ վերաբերվում է այն փոքր ջերմոցային տնտեսություններին, որոնք հագեցած չեն նորագույն տեխնոլոգիաներով և հնարավորություն չունեն կիրառելու էներգախնայողական ռեժիմներ, նրանց մոտ արտադրանքի ինքնարժեքը ստացվում է ավելի բարձր: Միաժամանակ, Հայաստանի ջերմոցային տնտեսության արտադրանքը հիմնականում առանձնանում է իր բարձր համային և որակական հատկանիշներով: Այսօր, ջերմոցային տնտեսության արտադրանքի առկա ինքնարժեքի պայմաններում, Եվրասիական տնտեսական միության շուկան մեծ հնարավորություններ է տալիս շահավետ իրացնելու հայկական արտադրանքը և մեծ պահանջարկ կա: Պետք է փաստել, որ այսօր Երևանի բոլոր շուկաներում վաճառվում են տեղական արտադրության բանջարեղեններ՝ մատչելի գներով:

 

-Ինչպե՞ս է պետության կողմից խրախուսվում ջերմոցային տնտեսության արտահանումը, ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված:

 

-Վերջին տարիներին ջերմատնային տնտեսությունների զարգացման արդյունքում զգալիորեն ավելացել են բանջարեղենի արտահանման ծավալները: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 627.23 տոննա բանջարեղենի դիմաց 2015 թվականի մայիսի 22-ի դրությամբ արտահանվել է 4032.8 տոննա բանջարեղեն:

 

Եվրասիական տնտեսական միությունը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների համար միմյանց շուկաներ մուտք գործելու, գյուղատնտեսական մթերքների, այդ թվում՝ ջերմոցային տնտեսության արտադրանքի արտահանման ծավալները ավելացնելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ընձեռված հնարավորություններից և ակտիվացնել ԵՏՄ անդամ և երրորդ երկրների շուկաներին ինտեգրման, իրացման նոր շուկաներ մուտքի ապահովման աշխատանքները:

 

Ջերմոցային տնտեսությունների զարգացմանը նպաստող կատարված վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը նույնպես կխթանի ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը:

 

Ջերմոցային տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստելու, արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով 2014 թվականին ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքում 2000 ք.մ տարածքի վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) կողմից բացվել է ջերմատնային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Այս կենտրոնում Հայաստանի առաջատար մասնագետների օգնությամբ, ինչպես նաև Հոլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար ջերմոցային տնտեսությունների մասնագետների կողմից կկազմակերպվեն սեմինարներ: Խորհրդատվությունը հասանելի է դառնալու մարզի ֆերմերների համար, որի արդյունքում՝ կբարձրանա ֆերմերների գիտելիքների մակարդակը, արտադրվող արտադրանքի որակը, ինչը կնպաստի ջերմոցային տնտեսության արտադրանքի մրցունակության բարձրացումը, արտահանման ծավալների ավելացմանը: Կենտրոնում կգործի լաբորատորիա, որտեղ Եվրոպայից ներկրված բարձրորակ լազերային սարքավորումների օգնությամբ կիրականացվեն հողի և ջրի մակրո և միկրոտարրերի անալիզներ: Կենտրոնին կից կառուցվել են երեք ցուցադրական ջերմոցներ. 200 ք.մ, 400 ք.մ և 120 ք.մ մակերեսներով՝ ներկրված Իտալիայից և Իսրայելից: Ջերմոցները հագեցված են նոր տեխնոլոգիաներով և սարքավորումներով, որոնք մատչելի արժեքով և երկարաժամկետ պայմաններով վաճառվում են ֆերեմերային տնտեսություններին:

 

-Ինչպե՞ս եք գնահատում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ՛՛ԲիոԳրուպ՛՛ ընկերության գործունեությունը:

 

-Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող և շուրջ 1.8 հա տարածք զբաղեցնող ՛՛Բիո գրուպ՛՛ ընկերության ջերմոցային տնտեսությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին, ինչը հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ գյուղատնտեսական մթերք։ Ընկերության արտադրած լոլիկը և ելակը սպառողների շրջանում արժանացել են բարձր գնահատականի իրենց համային և որակական հատկանիշների շնորհիվ։ ՛՛ԲիոԳրուպ՛՛ ընկերության արտադրանքի տեսականին արտահանվում է և ընկերությունը հաջողություններ է գրանցել նաև ռուսաստանյան շուկայում։ Մշակվել է ընկերության զարգացման ծրագիր, որը կիրականացվի մինչև 2018թ-ը: Ըստ այդ ծրագրի նախատեսվում է Նոր Ձորաղբյուր գյուղում կառուցել ևս 10 հա տարածքով նոր ջերմատուն: Բացի լոլիկից և ելակից, նախատեսվում է նաև վարունգի և պղպեղի արտադրություն։

 

՛՛Բիո գրուպ՛՛ ընկերության արդյունավետ գործունեության մասին է վկայում նաև այն փաստը, որ ընկերությունը 2014 թվականին պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսու-թյան նախարարության ՛՛Գյուղատնտեսական նվաճումների համար՛՛ ոսկե մեդալով։

 

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

Տպել