Պահեստարաններում կարտոֆիլի առավել հաճախ հանդիպող հիվանդությունների նկարագրությունը և պայքարի միջոցները

2015-10-28

karto2Կարտոֆիլի համատարած բերքահավաքից հետո գյուղացիական տնտեսությունների մտահոգությունը բերքի անկորուստ պահպանումն է: Սույն հրապարակումը ներկայացնում է բերքի պահպանման ժամանակ ի հայտ եկող հիվանդությունները: Կարտոֆիլի պահեստներում, պահպանման ընթացքում պալարների վրա արտահայտվում  և զարգանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հիմնականում դաշտային պայմաններում հիվանդությունների դեմ անբավարար և ոչ ճիշտ պայքարի հետևանքն են: Դրանք են`

 

1. Ֆիտոֆտորոզային փտում: Հատկապես ուժեղ է արտահայտվում պահպանման առաջին շրջանում, երբ պահեստներում ջերմաստիճանը համեմատաբար բարձր է: Հիվանդ պալարների մակերեսին նկատելի են արճճամոխրավուն կամ գորշավուն, քիչ փոս ընկած, ամուր, անկանոն ձևի բծեր:

 

Պալարի կտրվածքում պտղամիսը ժանգագորշավուն է: Պահպանման շրջանի վերջում ֆիտոֆտորային փտումը վերածվում է չոր ֆուզարիոզային կամ թաց բակտերիալ փտման: Պահպանման ժամանակ վարակված պալարն առողջին չի վարակում:

 

2. Ֆուզարիոզային չոր փտումֆուզարիոզ: Սովորաբար հանդես է գալիս պահպանման դնելուց մի քանի շաբաթ անց: Պալարների վրա սկզբում առաջանում են մոխրագորշավուն, թեթևակի սեղմված բծեր, հետագայում պտղամիսը բծերի տակ դառնում է չոր, մաշկը կնճռոտվում է: Պալարների մակերեսներին առաջանում են մոխրասպիտակավուն, դեղնավուն կամ վարդագույն բարձիկներ, կատարվում է կրկնակի վարակ: Ավելի հաճախ վարակվում են մեխանիկական վնասվածք ունեցող պալարները:

 

Հիվանդությունը վարակված պալարում շատ արագ է զարգանում` հատկապես բարձր ջերմաստիճանում` վարակելով շրջապատի առողջ պալարները, որն իր առավելագույն զարգացմանն է հասնում պահպանման շրջանի միջին կամ վերջին մասում /բերքահավաքից  2 – 3 ամիս հետո/:

 

3. Ալտերնարիոզ /մակրո-սպորիոզ/: Սկզբնական վարակը տեղի է ունենում բերքահավաքի ժամանակ, սակայն հիվանդությունը պալարի վրա արտահայտվում է պահպանման ընթացքում /նոյեմբեր-դեկտեմբեր/: Պալարների վրա առաջանում են գորշ կամ համարյա սև չորացող բծեր, պտղամիսը բծերի տակ փտում է` վերածվելով մուգ մոխրագույն կամ դարչնագույն խաշիլանման զանգվածի: Երբեմն պալարների վրա առաջանում են բազմաթիվ կլորավուն բծեր, որոնց տակ մաշկը չորանում է: Հիմնականում վարակվում են երիտասարդ, չհասունացած պալարները, որոնց մաշկը բերքահավաքի ժամանակ թեթևակի կլպվում է: Սկզբում սունկը զարգանում է բարակ, մակերեսային շերտով, ապա թափանցում է ավելի խորը: Հաճախ այս փտումը վեր է ածվում ֆուզարիոզային փտման:

 

4. Խառը, ներքին փտում: Հիմնականում զարգանում է որպես երկրորդային երևույթ, սովորաբար, մեխանիկական վնասվածքներով պալարների վրա: Հարուցիչը կարող է լինել սունկ և բակտերիա, այդ առումով փտումը ևս կարող է տարբեր լինել` թաց կամ չոր, գորշ փառով, մոխրագույն կամ այլ գույնի:

 

5. Օղակավոր փտում: Հարուցիչը բակտերիա է: Պալարների երկայնակի կտրվածքում օղակն ունի դեղնավուն երանգ: Հետագայում վարակն այդ օղակից անցնում է այլ հյուսվածքներ, ընդհուպ մինչև միջուկը: Պալարն ամբողջությամբ կարող է փտել, արձակելով շատ տհաճ հոտ:  Սովորաբար վարակվում են դաշտային պայմաններում, պալարագոյացման վաղ շրջանում, երբ վարակված թփից վարակը ստոլոնի միջով անցնում է պալարին: Վարակման երկրորդ ճանապարհը` բերքահավաքի ժամանակ վարակված պալարի կամ թփի շփվելն է առողջ պալարի հետ: Այս դեպքում` պահպանման ընթացքում, ձմռան վերջին և գարնան սկզբին զարգանում է, այսպես կոչված, փոսիկավոր ձևը: Փտման այս ձևի հայտնաբերման համար հարկ է պալարի մաշկը բարակ շերտով կլպել, հեռացնել: Մաշկից հեռացված սպիտակ մակերեսի վրա հստակ նկատվում են յուղանման, դեղին, ոչ մեծ (2 – 3 մմ) բծեր, որոնք աստիճանաբար մեծանում են (1 – 1.5 սմ), մաշկը չորանալով` ճաքճքում է, առաջանում են փոսիկներ:

 

6. Բակտերիալ, թաց փտում: Հիվանդությունը շատ տարածված է, ունի բազմաթիվ ախտանիշեր: Հարուցիչներն ու բազմաթիվ բակտերիաները նաև սապրոֆիտ սնկերն են: Հաճախ հիվանդությունն արտահայտվում է դաշտում, գերխոնավ հողերում և բույսերի սև ոտիկով ուժեղ վարակվելու դեպքում: Պալարների վարակվելը կարող է տեղի ունենալ ինչպես դաշտում, այնպես էլ պահեստներում, ըստ որում` դաշտում վարակը պալարի վրա նկատվում է ստոլոնի ամրացման տեղում: Պալարի վարակման տեղում մակերեսին առաջանում են ճեղքեր, որի հետևանքով էլ փտումն ընդգրկում է ամբողջ պալարը:

 

Պահպանման ընթացքում վարակը հիվանդ պալարից կարող է անցնել առողջին` անմիջական շփման ու բարձր խոնավության պայմաններում: Առաջին հերթին վարակվում են վնասված մաշկով պալարները: Փտման զարգացմանը նպաստում են պահպանման ժամանակ բարձր ջերմաստիճանը, ինքնայրումը, պալարների քրտնումը:

 

Եթե պալարները սառել են դաշտում, բերքահավաքի կամ փոխադրման ժամանակ, ինչպես նաև` կարտոֆիլի վեգետացիայի ընթացքում, ազոտի ավելցուկով միակողմանի պարարտացումը մեծացնում է այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը:

 

7. Պալարների նեմատոդներով վարակվածությունը: Ցողունային նեմատոդը հիմնականում նկատվում է պալարի կենտրոնում: Սկզբում առաջանում են արճճամոխրագույն բծեր, մաշկը հեշտությամբ անջատվում է, հետո առաջանում են մանր ճաքեր, մաշկը շերտավորվում է: Պահպանման ժամանակ առաջանում են մանր, մոխրագույն և գորշ բծեր, վարակված մասը քայքայվում է` ինչպես չոր փտման դեպքում: Վերջին հաշվով, վարակված պալարները լրիվ չորանում, փտում են: Պտղին վնասում են նաև ոսկեփայլ նեմատոդը, լարաթրթուրները և այլն:

 

ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պտղամսի մգացում կամ մոխրագույն բծավորություն: Երբեմն անվանում են մելանոզ: Արտահայտվում է տարբեր պատճառներով, սակայն ամենակարևորը` մաշկի մեխանիկական վնասվածքներն են: Պալարի ներսում առաջանում են մանր բծեր, որոնք սկզբում մոխրավուն են, հետագայում` ավելի մուգ, իսկ պալարը եփելիս, ստանում է սև գույն: Հիվանդության զարգացմանը նպաստում են ոչ ժամանակին, վաղ կատարված բերքահավաքը, բույսի անբավարարվածությունը կալիումով, չոր հողում պալարի երկար ժամանակ բարձր` 10-120 կամ ցածր` 00-ին մոտ պահպանումը, թթվածնի անբավարարությունը կամ CO2-ի առատությունը:

 

 

2. Պալարների շնչահեղձություն: Հիմնական պատճառը` հողում կամ պահպանման ժամանակ օդի խիստ պակասն է: Հողային շնչահեղձությունը հաճախակի լինում է ծանր, գերխոնավ, ամուր հողերում, առատ տեղումներով տարիներին: Ուժեղ վարակվում են երիտասարդ, ոչ լրիվ հասունացած պալարները: Բերքահավաքի ժամանակ պալարների վրա ոչ մի նշան չի երևում, միայն փոքր, համարյա աննկատ ոսպիկներ են նկատվում: Հետագայում դրանք մեծանում են, դառնում սպիտակ, փխրուն թմբիկներ, բարձիկներ: Ճիշտ պահպանման դեպքում, թմբիկներն աստիճանաբար անհետանում են, դրանց փոխարեն մնում են ոչ մեծ բծեր: Պահպանման ռեժիմի խախտման դեպքում, արդեն մեկ ամսից, սկսվում են զանգվածային փտումն ու շնչահեղձությունը: Պալարները դառնում են փխրուն, խաշիլանման, տհաճ սպիրտային հոտով զանգված: Օդում այդ քայքայված հյուսվածքները դանդաղորեն գորշանում են, որով  և տարբերվում են ցրտահարվածներից: Առաջին նշաններն ի հայտ են գալիս թաց, կեղտոտ, հողոտ կարտոֆիլի հաստ շերտում:Հողային շնչահեղձման նշաններով պալարները հարկ է հավաքել առանձին և շուտ իրացնել: Անհրաժեշտ է պահպանել մշակման, տեղափոխման ու պահպանման ճիշտ կանոնները:

 

3. Ջերմային վնասվածություն: Արտահայտվում է հենց դաշտում, եթե բերքահավաքը կատարվել է շոգ եղանակին և պալարները մի քանի ժամ մնացել են արևի ճառագայթների տակ: Կարող է կատարվել նաև ուժեղ ինքնայրման ձևով, տեղափոխման, պահպանման ժամանակ, երբ պալարները գտնվում են +40 °C-ի պայմաններում: Պալարի միջին մասը կնճռոտվում է, պտղամիսը մգանում, երբեմն ի հայտ է գալիս պալարի եզրերով կամ ամբողջ ներքին մասով` մոխրավուն կամ սև բծերի ձևով:

 

4. Սառածություն: Կարտոֆիլի պալարը ցրտահարվում, սառչում է -1.7°C ջերմաստիճանում: Երբ այն հետ է գալիս /հալվում է/, սեղմելիս` պալարից հեշտությամբ ջրալի հեղուկ է արտազատվում, մաշկը կնճռոտվում և հեշտությամբ անջատվում է, պալարն արագ ընդունում է վարդագույն երանգավորում, ապա մգանում, դառնում է գորշ, սև երիզով: Այսպիսի պալարներն արագ փտում են /թաց փտում/:

 

5. Երկաթային բծավորություն կամ ժանգոտություն: Հիվանդությունը նկատելի է միայն կտրվածքում: Պտղամսում առաջանում են ժանգադարչնագույն, տարբեր չափերի և ձևի բծեր: Հիմնական պատճառը` հողում ֆոսֆորի անբավարար քանակն է: Հիվանդությունը հաճախ հանդիպում է ավազային հողերում, շատ տաք տարիներին:

 

Աղբյուրը` «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

Տպել