ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփեց բուսաբուծության ոլորտի տարեկան արդյունքները

2015-12-22

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2015 թվականի գյուղատնտեսական տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները: 

 

Ամփոփելով կատարված աշխատանքները` նախարարի տեղակալը մասնավորապես նշել է, որ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության մի շարք ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի արտադրության ծավալների ավելացման, հողօգտագործողների եկամուտների բարձրացման և տնտեսական աճի ապահովման համար: 

 

Ըստ ներկայացված տվյալների` 2010-2015թթ ցանքատարածություններն ընդհանուր առմամբ ավելացել են շուրջ 68 հազար հեկտարով։ Նախորդ տարվա 14.7 հազար հեկտարի փոխարեն ցանքերն այս տարի ավելացել են 18.7 հազ. հեկտարով: Ընթացիկ տարում հացահատիկի ցանքատա¬րածություններն ավելացել են շուրջ 11.3 հազ. հեկտարով, բանջարեղենինը` 2.5 հազ. հեկտարով, այդ թվում լոլիկինը` շուրջ 1000 հա-ով, կարտոֆիլինը` 960 հա-ով և բոստանային մշակաբույսերինը` 950 հա-ով: 

 

Հացահատիկի և հատիկաընդեղենի համախառն բերքի արտադրությունը 2010թ. 326.4 հազ. տոննայից ավելացել է 304 հազ. տոննայով` 2015թ. կազմելով 630 հազ. տոննա, այդ թվում` ցորենի արտադրությունը 184 հազ. տոննայից հասել է 369 հազար տոննայի, ինչի արդյունքում ինքնաբավության մակարդակն այժմ հանրապետությունում կազմում է շուրջ 50%:

 

«Կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը և բնակլիմայական պայմանները նպաստեցին, որպեսզի այս տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները բոլոր ուղղություններով ըստ օպերատիվ տվյալների գերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները», – իր խոսքում նշել է Սամվել Գալստյանը: 

 

Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ տվյալներով 2015 թվականին արտադրվել է 369.4 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 338.1 տոննայի դիմաց, 377.8 հազար տոննա պտուղ` նախորդ տարվա 291.0 հազար տոննայի դիմաց, որից` 105.9 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա 15.5 հազար տոննայի դիմաց: Ծիրանի բարձր բերք է ստացվել հատկապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի այգիներից:
2015 թվականին արտադրվել է նաև 309.2 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 261.3 հազար տոննայի դիմաց, 1033.7 հազար տոննա բանջարեղեն` նախորդ տարվա 923.2 հազար տոննայի դիմաց, 776.6 հազ. տոննա կարտոֆիլ` նախորդ տարվա 733.1 հազար տոննայի դիմաց և 285.9 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր` նախորդ տարվա 245.7 հազար տոննայի դիմաց:

 

Փոխնախարարը շեշտել է, որ մարզերից ստացված սուբսիդավորված արժեքներով պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական, կալիումական), դիզելային վառելանյութի, 2015թ․ գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմացուների վճարունակ պահանջարկներն ամբողջությամբ բավարարվել են, և ծրագրերը շարունակվելու են նաև 2016 թվականին: 

 

Սամվել Գալստյանը հորդորել է հողօգտագործողներին 2016 թվականին հողերի համալիր պարարտացման աշխատանքներ իրականացնել, բացի ազոտական պարարտանյութերից օգտագործել նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, ինչը կկանխի հողերի միակողմանի պարարտացումը։

 

Փոխնախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերը ներվել են:

 

Այս տարվա աշնանացանի համար հողօգտագործողներին հատկացնել է 4257.62 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: 2015 թվականին 2016 թվականի բերքի համար կատարվել է 116830 հա աշնանացան, նախորդ տարվա 111836 հա-ից 5000 հա ավել: Գալստյանը հավելել է, որ այժմ բնակլիմայական պայմանները նպաստավոր են և շարունակական լինելու դեպքում 2016 թվականին կայուն երաշխավորված բերք է ակնկալվում ստանալ: 

 

Նա նաև հայտնել է, որ բարձր վերարտադրության սերմացուների արտադրություն կազմակերպելու նպատակով` Ռուսաստանի Դաշնությունից գնվել է 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու և հատկացվել 14 սերմարտադրողների և կազմակերպությունների: Իրականացված ծրագրերի արդյունքում ցորենի օգտագործվող սերմացուի 75-80 %-ը սորտաթարմացվել է:

 

Սամվել Գալստյանի խոսքով` առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նորագույն տեխնոլոգիաներով զինված ջերմատնային տնտեսությունների զարգացմանը: ՀՀ մարզպետարաններից հավաքագրված օպերատիվ տվյալների համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ` ջերմատների ընդհանուր տարածքը հանրապետությունում կազմում է 769.6 հա, որից նորագույն տեխնոլոգիաներով` 83.7 հա, որոնց մեծ մասը շահագործման են հանձնվել 2015 թվականի ընթացքում: Գալստյանի խոսքով` 2016 թվականին նախատեսվում են կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներով շուրջ 45.0 հեկտար ջերմատներ: 

 

Փոխնախարարն ընդգծել է, որ ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ և վարունգ, զգալիորեն ավելացել են բանջարեղենի արտահանման ծավալները:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել