Վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին

2016-08-25

12583_am_4Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ:

 

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Քննարկվել են նաև տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր:

 

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը:

 

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք

Տպել