ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում

2017-05-16

logo-MAՀանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:  Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում  բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:

 

Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել  համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների և ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ:

 

Պտղատու  ծառերի և խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու և բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):

 

Բուժումներն իրականացնելիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից` http://minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել