Ինդոնեզիայի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները

2017-09-01

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:  

 

«Հայաստանում գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և կնպաստի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Այնուհետև հյուրերի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ոլորտի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի կիրառման, ինտենսիվ այգիների հիմնման, ապահովագրական համակարգի ներդրման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

 

Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերին, որոնք առավելապես միտված են նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` նախարար Իգնատի Առաքելյանն առանձնապես կարևորել է վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը:

 

Երկկողմ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հանգամալից կուսումնասիրի համագործակցության առավել հեռանկարային ուղիները:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև պարենային ապահովության, սննդամթերքի անվտանգության, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել