Հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց աշխարհահռչակ սոմելյե Ֆրանկ Թոմասի հետ

2017-09-05

1Հայաստանի խաղողագործության  և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և  «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց:  

 

Նա իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով հայկական գինիների յուրահատուկ համը և խաղողի որակը:

 

«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:

 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը հայկական գինիների ճանաչելիությունը բարձրացնելու գործում. «Աշխարհահռչակ սոմելյեների դրական գնահատականները այցեքարտ կդառնան մեր գինիների համար՝ առավել մրցունակ լինելու և նոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: Հիմնադրամը պատրաստակամ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայկական գինիների վարկանիշը բարձրացնելուն և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բացահայտմանը»:

 

Արմեն Մեհրաբյանի խոսքով՝ ներկայում մարդիկ փորձում են վերադառնալ դեպի արմատները և վերականգնել  հայկական կենցաղում առողջ սնվելու և գինի ըմպելու երբեմնի տարածված ավանդույթը: «Գինու մշակույթը նույնպես վերածնունդ է ապրում, ինչի աջակցմանը և ուղղված է սոմելյեին հրավիրելու մեր նախաձեռնությունը,»- հավելել է նա:

 

TOVMASYAN EFB ընկերության հիմնադիր Վարդուհի Թովմասյանն արդեն մի քանի տարի է արտահանում է հայկական գինիները եվրոպական շուկա և ընդգծում է, որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելի մեծանում է: Սպառողը փնտրում է նորություն. արտադրանք, որը թեև նոր է, բայց հետաքրքիր պատմություն ունի, իսկ սա հենց հայկական գինիների մասին է.  «Մենք ունենք գինեգործական հարուստ պատմություն, խաղողի էնդեմիկ տեսակներ, որոնցով կարող ենք մրցունակ դիրքեր զբաղեցնել եվրոպական շուկայում: Մեզ համար մեծ առավելություն է նաև հայկական սփյուռքը, որն իրազեկման տեսանկյունից մեծ դեր է խաղում այդ շուկաներում»:

 

Միջոցառման ավարտին Ֆրանկ Թոմասը կիսվել է իր տպավորություններով Հայաստանում իրականացրած այցելությունների, բուսական թեյերի, գինու հետ մատուցվող ռեհանի սերմերի հիման վրա պատրաստված ավանդական բանդակների և գինեգործական ձեռնարկությունների  արտադրանքի վերաբերյալ: Մասնակիցները նաև քննարկել են այդ արտադրանքը եվրոպական սպառողին հասցնելու հեռանկարները և հետագա անելիքները։

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել