Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումայի հետ քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները

2018-02-07

1 (24)ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Նիդերլանդների Թագավորության  դեսպանության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Մեուվես Բրաուվերը:
Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում` նաև կարտոֆիլագործության ոլորտում, երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները։

 

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ոլորտի առաջնահերթությունների թվում է անասնապահության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների հիմնումը, կաթի մթերման կայանների ստեղծումը: Ընդգծելով, որ բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են ներդրումներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հոլանդական կողմին ուսումնասիել այս ոլորտներում ներդրումների ներգրավման հնարավորությունը:

 

Հոլանդացի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար նախարարը միաժամանակ կարևորել է մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

 

Հայ-հոլանդական համագործակցությունը գործնական հենքի վրա դնելու նպատակով  հոլանդական կողմին առաջարկվել է քննարկել PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով համատեղ ծրագրի մշակման և իրականացման հնարավորությունը:
Տեղեկացնելով, որ այժմ Հայաստանում ընթացքի մեջ է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագիրը, իսկ հետագայում նախատեսվում է միջոցներ ձեռնարկել անձրևային ոռոգման համակարգի ներդրման ուղղությամբ` Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև այս հարցում հոլանդական մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը:

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում հոլանդացի մասնագետնմերի փորձի փոխանակման հարցին:

 

Կարևորելով երկկողմ համագործակցությունը հատկապես կաթի արտադրության և վերամշակման բնագավառում` կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հանգամանորեն վերլուծել տեղական կաթնամթերքի շուկան` Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու համար հոլանդացի հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել