«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱՆ» և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» նույնպես միացել են Ինտենսիվ այգիների, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրերին

2018-02-02

25ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը  «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի   և  «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի հետ  ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:
 

 «Այս ծրագրերի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել գյուղատնտեսությունը: Կարկտապաշտան ցանցերի շնորհիվ բերքը կապահովվի գրեթե 100 տոկոսով և կլինի որակյալ, իսկ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը ոչ միայն  կնպաստի, որ  ունենանք  ջրի մինչև 50 տոկոսի խնայողություն, այլև կնպաստի արտադրվող բերքի ինքնարժեքի նվազմանը»,-նշել է Աշոտ Հարությունյանը:
 

 Անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագրին՝ նախարարի տեղակալը մանրամասնել է, որ այս դեպքում ոչ միայն բերքը կապահովագրվի բնական աղետներից և թույլ կտա ջրի խնայողություն կատարել, այլև կիրառվող նոր տեխնոլոգիաների և բույսերի սնուցումների տարբեր եղանակների շնորհիվ այգին բերքատվության կանցնի շատ ավելի վաղ՝ ի տարբերություն ավանդական այգու, ինչի շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետում մարել վարկային պարտավորությունը:
 

 «Ինչպես և ակնկալվում էր, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավականին մեծ է հետաքրքրությունը այս ծրագրերի նկատմամբ: Աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան օգտվել տարբեր կազմակերպությունների ծառայություններից»,-ասել  է Վահե Հարությունյանը:
 

 «Մենք կարծում ենք, որ չպետք է անմասն մնանք ցանկացած նախաձեռնությունից, որը բխում է Հայաստանի Հանարապետության տնտեսության զարգացման տեսլականից»,- նշել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
 

 «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ կնքված հուշագրերը հնարավորություն կտան կոոպերատիվի անդամներին ապահովել  վարկային նոր գործիքներով:
 

 

 
 
                                 
 
                                             ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
                                              և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել