Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը

2018-05-21

21ՀՀ գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում  մասնակցել է  «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։

 

Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ  կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն  ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր,  կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները  և կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:

 

«Մենք խորհրդային տարիներին ունեցել  ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։

 

Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը և հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։

 

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կարևորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը և 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի:

 

«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց ցավոք հեռու է գլխավոր առևտրային ճանապահներից, ինչպես նաև շուկայից»,-  հավելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։

 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի խոսքով` ծրագրի իրականացման համար Ամասիայի ընտրությունը պայմանավորված էր համայնքում ոչխարաբուծության զարգացման առկա ներուժով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ամասիան խոշորացված համայնք է։ Ծրագրով նախատեսված ողջ գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ:

 

Նա նաև ընդգծել է, որ ծրագրի կյանքի կոչմանը մեծապես աջակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Շիրակի  մարզպետի պաշտոնը։

 

Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչև աշնան սկիզբ,  նախնական կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:

 

Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել