Գյուղատնտեսությամբ զբաղվողները պետության կողմից իրենց մոռացված են զգում. նախարար

2018-05-24

naxarar1Գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը թեև նոր է նշանակվել, միևնույն է՝ պնդում է, որ ոլորտին ծանոթ է, խնդիրները գիտի: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիրներ կան արտադրությունից սկսած մինչև լոբբիստիկ հարցեր:

 

Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև մթերման ոլորտում, արտահանման խնդիր կա և այլն:

 

«Ամենամեծ խնդիրը նրանում է, որ մենք ունենք 400 հազարից ավելի մարդիկ, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ, տալիս են արտադրանքի հիմնական հատվածը, որոշ ոլորտներում 90 տոկոսից ավելի, բայց այդ մարդիկ պետության կողմից իրենց մոռացված են զգում, քանի որ հողը սեփականաշնորհվեց և վերջ՝ գլխից էլ պրծանք, գլխացավից էլ: Կարծում եմ՝ գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնես, այսինքն, եթե կաթը թանկ է, չենք առնի կաթդ, դու էլ կովդ ծախի, գնա քաղաքում մի բան արա:Սա ազգային անվտանգության՝ պարենային անվտանգության խնդիր է»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի զրոյացմանը, տույժ տուգանքների վերացմանը, նախարարն ասաց, թե խնդիրը Գյուղատնտեսության նախարարության անմիջական պատասխանատվության ոլորտում չի գտնվում, բայց իրենք հանդիսանում են այդ ոլորտի շահառուներից:

 

«Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ այդ վարկերը, տույժ ու տուգանքները չքանդեն գյուղացիական տնտեսությունները, շահագրգռված ենք, որ տույժ տուգանքները վերաներդրվեն գյուղատնտեսության մեջ, շահագրգիռ ենք, բայց պրոցեսի տերը մենք չենք: Ընդհանուր ամնիստիան ճիշտ չէ, կարելի նայել ու հասկանալ, թե որոնք են այն վարկերը, որ մարդիկ վերցրել են, բայց բնական կատակլիզմներ են տեղի ունեցել, գներն են փոփոխվել և այլն, ու խնդիր է առաջացել: Ծավալները պետք է հասկանանք, որ նոր որոշում կայացնենք»,- նշեց Խաչատրյանը:

 

Նորանշանակ նախարարը կարծում է, որ առաջնային է գյուղատնտեսությունը շահավետ դարձնելը, որպեսզի գյուղացին չարտագաղթի: Նրա գնահատմամբ՝ հիմնական խնդիրն է մարդուն հողի հետ կապելը, որին հասնելու համար կոոպերացիաները պետք է խթանել: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ եթե կոոպերացիաներ պետք է լինեն, ապա դրանք իրենց վրա պետք է վերցնեն նաև սպառման հարցը:

 

«Ամբողջ աշխարհում կան կոոպերացիաներ, բայց այդ կոոպերացիաները ոչ միայն, օրինակ՝ մեղր են արտադրում, այլևս սպառում են: Գյուղատնտեսությունը կոմպլեքս խնդիր է»,-շարունակեց Արթուր Խաչատրյանը:

 

Վերջինս նկատեց, որ այս տարի ջրի հետ կապված խնդիրներ կան, և իրեն չի գոհացնում ջրամբարների լցվածության աստիճանը, ավելին՝ կարծում է, որ ավելի վատ է, քան նախորդ տարի: Նախարարի գնահատմամբ՝ ոլորտում կրթության պակաս կա, և ինքը կարևորում է գյուղատնտեսական կրթության խնդրի լուծման հարցը, ինչի շուրջ էլ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարել է:

 

Աղբյուրը` Tert.am

 

Տպել