Քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության զարգացման հեռանկարները

2018-06-07

74DFE67B-987C-42CD-BACD-682583B5E058ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

 

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ սերտ համագործակցության հարթակ ձեւավորելու կապակցությամբ։

 

Մասնավորապես դեռեւս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի կարտոֆիլի սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերների միջեւ։ Այս տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 30.000 տոննա կարտոֆիլի տնկանյութ, որի արդյունքում ՀՀ-ն ներմուծող երկրից դարձել է կարտոֆիլ արտահանող երկիր։

 

Դեսպան Յոհաննես Դաուման նախարարին ներկայացրել է Նիդերլանդների Թագավորության արտաքին տնտեսական գործերի նախարարության PSO (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցության ծրագիր) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականցվող ջերմատնային տնտեսություն (բանջարբոստանային գիտական կենտրոնում), կաթի վերամշակման գործարան (ք. Տաշիր), անասնապահական տնտեսություն (ք. Տաշիր, «Քարախաչ» ՍՊԸ), կարտոֆիլի երկարատեւ պահպանության պահեստ (գ. Ազատան, Շիրակի մարզ), համակցված կերերի գործարան (ք. Երեւան), ձկան վերամշակման գործարան (Արմավիրի մարզ), խոզի սպանդանոց (Նուբարաշեն) եւ ծաղկի աճեցման ջերմոց (Արարատի մարզ) ծրագրերը։

 

Հանդիպմանը քննարկվել են ներկայիս երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները: Այս համատեքստում զրուցակիցներն առավել նպատակահարմար են համարել ուսումնասիրել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը հատկապես կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտում: 

 

Մասնավորապես, կաթի արտադրության ոլորտում ընդգծվել է ամբողջական արժեշղթայի ձեւավորման կարեւորությունը, կաթնամթերքի բարձր որակի ապահովումը, կաթնատու կենդանիների կերակրման բարելավումը եւ առողջության պահպանումը, ինչպես նաեւ տեղական կաթնամթերքի դիվերսիֆիկացիան:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արթուր Խաչատրյանն առաջարկել է քննարկել նաեւ ջերմոցային տնտեսությունների ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունը` շեշտելով, որ ջերմոցային արտադրանքը թույլ է տալիս ոչ միայն ավելացնել արտադրության եւ արտահանումների ծավալները, այլեւ ապահովել գյուղմթերքի շուկայի կայունությունը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, գյուղատնտեսության ոլորտում հոլանդական ներդրումների ներգրավմանը եւ մի շարք այլ հարցերի:  

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել