Չինացի գործարարները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

2018-10-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապես գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը:

 

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ և չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար և այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

 

Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը: Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվում է Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

 

Ընդգծելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գևորգյանն իր հերթին իրատեսական է համարել այս ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարարտանյութերիարտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի և չրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

 

Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել