ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը «Արմ­պրոդէքսպո-2018» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

2018-11-03

GG 10Մեծարգո փոխվարչապետ,

Հարգելի գործընկերներ, հյուրեր, մասնակիցներ,

 

Ուրախ եմ ողջունել Ձեզ «Արմ­պրոդէքսպո-2018»  արդեն թվով 17-րդ մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

 

Ամենամյա ավանդույթ է դարձել գյուղատնտեսական տարվա ավարտն ամփոփել խորհրդանշական այս միջոցառմամբ, որը պետություն-մասնավոր հատված հա­­­մա­­­­­գոր­­ծակցության հաջողված օրինակ է,  արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ: «Արմ­պրոդէքսպոն»  հրաշալի հնարավորություն է գյուղա­տնտեսական արտա­դրության, վերամշակող արդյու­նա­բերության ձեռքբերումները ներկայացնելու, սեփական ար­տադրանքի մրցու­նակությունը գնահատելու, ինչպես նաև արտա­հանման հնարա­վորու­թյուններն ընդլայնելու և նոր գործարար կապեր հաստատելու համար և  հուսով եմ, որ այս երեք օրերի ընթացքում մասնակիցները լավագույնս կօգտագործեն այն:

 

Այս տարի ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի և Արցախի ավելի քան 70 կազմակերպությունների, ունենք մասնակիցներ նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից:

 

Ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարևորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր և արդյունավետ  աշխատող բիզնես, և մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաև ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար:

 

Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Սակայն կարևոր է արձանագրել, որ մեր տեսլականն է գիտելիքի վրա հիմնված, բարձր արդյունավետություն ունեցող, ավելացված արժեք ստեղծող, մրցունակ և նորարար գյուղատնտեսության ստեղծումն ու զարգացումը: Դրան հասնելու նպատակով շարունակելու ենք ուշադրություն դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը՝ մասնավորապես կապիտալի սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը,  սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը:

 

Հայաստանի տնտեսության մրցունակության բար­ձրացման և տնտե­սական աճի ապահովման նպատակով` կառավարությունը ագրոպարենային ոլորտում շարունակելու է վարել արտա­­հանման ներուժի բացա­հայտմանն ու ընդ­լայնմանն ուղղված պետական քաղաքականություն:

 

Հարգելի բարեկամներ,

 

Հավատացած եմ, որ այս ցուցահանդեսը խթան կհանդի­սանա պետություն-մասնավոր հատված հետագա հա­մա­­գործակցության ընդլայն­ման և ոլորտի առաջանցիկ զար­գացման համար և վստահ եմ, որ տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը և ընդլայնվի աշխարհագրությունը՝ մեր հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ և նոր որակ։

 

«Արմպրոդէքսպո-2018» մասնագի­տաց­ված ցուցահան­դեսը հայտա­րարվում է բացված:

 

Մաղթում եմ արդյու­նավետ աշխատանք կազմակերպիչներին և մասնակիցներին: 

 

Շնորհակալություն