Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում ունեն գյուղատնտեսության և գյուղական զարգացման գործում:

 

  1. Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

(Food and Agriculture Organization of the United Nations)

 

ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է և հանդիսանում է գյուղատնտեսական, անտառային տնտեսության, ձկնատնտեսության և գյուղական զարգացման ոււղվածությամբ համաշխարհային հիմնական կազմակերպությունը: 1945 թ.-ին հիմնադրված ՊԳԿ-ն այսօր ունի 194 անդամ երկրներ, երկու թղթակից անդամ երկրներ և մեկ անդամ կազմակերպություն՝ Եվրոպական Միությունը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՊԳԿ-ն միավորում է ընդհանուր առմամբ 53 երկիր:

 

 ՊԳԿ-ի մանդատն է  բարձրացնել աշխարհի բնակչության` սննդով ապահովվածության մակարդակը, մեծացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, բարելավել գյուղական բնակչության կենսապայմանները և նպաստել համաշխարհային տնտեսության զարգացմանը:

 

 Հայաստանի Հանրապետությունը ՊԳԿ-ին անդամակցեց 1993 թվականին և ՊԳԿ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվեց 2004 թվականին: ՊԳԿ-ին անդամակցելուց հետո ՀՀ կառավարությունը լայնամասշտաբ աջակցություն է ստացել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում զարգացման և արտակարգ օգնության ծրագրերի իրականացման գործում: Այս ծրագրերի նպատակն է նպաստել երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը և պարենային անվտանգության ապահովմանը:   

 

 2016-2020 թվականների համար Հայաստանի կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնել են աշխատել Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակի ստորև նշված երեք առաջնահերթ ոլորտների շուրջ.

 

բնական ռեսուրսների կայուն օգտագործում արտադրողականության աճին հասնելու համար,
կենդանիների առողջություն, բուսաբուծություն և սննդի անվտանգություն,
պարենի և սնուցման ապահովություն և աղքատության կրճատում։

 

ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչություն`
Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական թիվ 3 շենք, առաջին հարկ,

124 սենյակ
Հեռ/ֆաքս` +374-10 52 54 53
Էլ.-փոստ` FAO-AM@fao.org
URL: ww.fao.org
www.fao.org/world/armenia 

 

Կոդեքս Ալիմենտարիուս (Codex Alimentarius) 

 

Կոդեքս Ալիմենտարիուսի Հանձնաժողովը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ և ՄԱԿ-ի առողջապահության կազմակերպության /WHO/ կողմից համատեղ ստեղծված կառույց է:

 

Կոդեքս Ալիմենտարիուսը` սննդամթերքի ստանդարտների և դրանց վերաբերող տեքստերի հավաքածու է, որոնք միջազգայնորեն ընդունված են և ներկայացված են միասնական տեսքով: Այս ստանդարտները նպատակ ունեն պաշտպանելու սպառողների առողջությունը և երաշխավորելու սննդամթերքի արդար առևտուրը: Կոդեքս Ալիմենտարիուսն ընդգրկում է նաև մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, նորմեր, կանոններ և այլ փաստաթղթեր:

 

Կոդեքս Ալիմենտարիուսի Հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որին անդամակցում են 185 երկիր և մեկ կազմակերպություն (ԵՄ): Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է կազմակերպությանը 1994թ. դեկտեմբերից: Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի ենթակառուցվածքային մարմիններից են ընդհանուր հարցերով կոմիտեները, ապրանքային կոմիտեները և տարածաշրջանային համակարգող կոմիտեները:

 

ՀՀ վարչապետի N 631-Ն որոշմամբ 2012թ-ին ստեղծվել է Կոդեքս Ալիմենտարիուսի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ինչպես պետական գործադիր մարմիններից /ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններ/, այնպես էլ սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ներից և Հայաստանի պետական ագրարային համալսարանից: 

 

Կոդեքսի ստանդարտները վերաբերում են սննդամթերքի տարբեր տեսակներին, սննդի հիգիենային, սննդային հավելումներին, պեստիցիդների և անասնաբուժական դեղորայքի մնացորդային քանակներին, աղտոտիչներին, մակնշմանը, վերլուծության և նմուշառման մեթոդներին, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման և արտահանման վերահսկողության և հավաստագրման համակարգերին:

 

Կոդեքսի համապատասխան կոմիտեները մշակում են Կոդեքսի ստանդարտները ռիսկերի վերլուծության կիրառմամբ և հիմք ընդունելով FAO/WHO-ի փորձագիտական մարմինների կողմից տրամադրվող անկախ գիտական խորհրդատվությունը:    Գործում են FAO/WHO-ի երեք գիտական հանձնաժողովներ` սննդային հավելումների հարցերով համատեղ FAO/WHO-ի փորձագիտական հանձնաժողով /JECFA/, պեստիցիդների մնացորդային քանակների հարցերով համատեղ FAO/WHO-ի հանձնաժողով /JMPR/, մանրէաբանական ռիսկերի գնահատման հարցերով համատեղ FAO/WHO-ի փորձագիտական հանձնաժողով /JEMRA/:

 

Ռիսկերի վերլուծությունը գիտական հիմք է հանդիսանում Կոդեքսի սննդամթերքի անվտանգության ստանդարտների մշակման համար: Կոդեքսի ստանդարտները Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել են միջազգային հղումներ` սննդամթերքի անվտանգության ստանդարտների համար:  

            

  1. Անկախ Պետությունների Համագործակցության Ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհուրդ

 

 Անկախ Պետությունների Համագործակցության Ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհուրդն ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների միջև 1993թ. մարտի 29-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա: Խորհրդի կազմում ԱՊՀ անդամ երկրները ներկայացված են բացառապես գյուղատնտեսության նախարարների մակարդակով: Խորհուրդն ընտրում է նախագահ, որը ներկայումս հանդիսանում է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լ. Զայացը: Խորհուրդն ունի գործադիր մարմին, որը ղեկավարում է խորհրդի նախագահի տեղակալ, ԱՊՀ Գործադիր Կոմիտեի  Գործադիր Քարտուղարի նախագահի տեղակալ Ու. Սիդիկովը: Խորհուրդը գործում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից 2000թ. նոյեմբերի 30-ին ընդունված “ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի մասին”որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա: Խորհուրդը տարեկան երկու անգամ հրավիրում է նիստեր: Վերջին նիստը կայացել է 2013թ. նոյեմբերի 26-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ և որոշում է կայացվել խորհրդի հերթական նիստ հրավիրել Ուկրաինայում:

 

Անկախ Պետությունների Համագործակցության ագրոպարենային հարցերի միջկառավարական խորհրդի անդամակցության նպատակն է ագրոարդյունաբերական արտադրության ինտեգրացումը, ընդհանուր տնտեսական տարածքի կազմակերպումը, ավանդական տնտեսական, առևտրական և գիտատեխնիկական կապերի զարգացումը: Համագործակցության արդյունքում ստորագրված փաստաթղթերը նպատակ ունեն նպաստել`

 

-ԱՊՀ անդամ երկրներում թողարկվող ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին,
-ֆինանսական և գնային քաղաքականության միասնականացմանը, տեղեկատվության ապահովմանը,
-գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, բնակչությանը՝ սննդամթերքով և արդյունաբերությանը՝ հումքով ապահովելու բարելավմանը, 
-գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շուկաների կայունացմանը,
-փոխադարձ ապրանքափոխանակման խթանմանը,
-գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
-մենաշնորհային գործունեության կանխարգելմանը,
-սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական համակարգի ձևավորմանը,
-համատեղ մշակված ծրագրերի իրագործմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը,
-կողմերի տնտեսական հետագա ինտեգրացմանը և փոխհամաձայնեցված առևտրական ու մաքսային քաղաքականության իրականացմանը:

 

Ստորագրված փաստաթղթերից առավել արդյունավետ են իրագործվում սերմնաբուծությանը, բույսերի ֆիտոսանիտարիային և կարանտինին, անասնաբուժությանը վերաբերող համաձայնագրերը:

 

Նախաստորագրված համաձայնագրերի մի ամբողջ շարք դեռևս գտնվում է վավերացման, համաձայնեցման փուլերում: Դրանցից կարելի է նշել «ԱՊՀ երկրների-Ընդհանուր ագրարային շուկա», «ԱՊՀ անդամ- երկրներում մեծածախ պարենային շուկաների մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերը, «ԱՊՀ անդամ-երկրներ ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող տեխնիկական, ֆիտոսանիտարական ստանդարտների, նորմերի, կանոնների և պահանջների մասին», «ԱՊՀ-հացահատիկի շուկա ստեղծելու մասին», «Մինչև 2005թ. ԱՊՀ զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիր», «ԱՊՀ ագրոպարենային համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի դրույթներ» ծրագրային փաստաթղթերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես մասնակցել է խորհրդի նիստերին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մակարդակով, իսկ առանձին դեպքերում` գյուղատնտեսության նախարարի տեղակալի կամ նիստն անցկացնող անդամ երկրում ՀՀ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի մասնակցությամբ:

 

Խորհրդի գործունեության արդյունավետությանն առավել կարող է նպաստել խորհրդի գործադիր մարմնին կից աշխատանքային խմբերի աշխատանքներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության փորձագետների ավելի հաճախ մասնակցությունը, ինչը դեռևս բավարար չէ և հիմնականում պայմանավորված է ֆինանսական դժվարություններով:

 

  1. Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամ (IFAD)

 

Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամը (IFAD) հիմնադրվել է 1976 թվականին: IFAD-ի կենտրոնակայանը գտնվում է Հռոմում: IFAD-ը Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացված ոչ քաղաքականացված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է գյուղական բնակչության շրջանում չքավորության դեմ պայքարը: IFAD-ի անդամ են հանդիսանում 127 պետություններ: IFAD-ի միջոցները գոյանում են անդամ և այլ պետությունների ու կազմակերպությունների կամավոր ներդրումներից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է IFAD-ին 1993 թվականից, գտնվում է երկրների (c) (զարգացող) ցուցակում:

 

  1. Խաղողի և գինու միջազգային կազմակերպություն (OIV)

 

Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը (OIV) ստեղծվել է 2001 թվականին կնքված միջազգային համաձայնագրի հիման վրա, որը փոխարինել է 1924 թվականին ստեղծված Խաղողի և գինու միջազգային գրասենյակը:

 

OIV-ն գիտական և տեխնիկական բնույթի միջազգային կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս տեղեկատվություն փոխանակել խաղողի և գինու բնագավառում գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական հարցերի շուրջ: Ներկայումս 44 պետություն անդամակցում է նշված կազմակերպությանը:

 

OIV-ի հիմնական նպատակներն են`

 

- տեղեկացնել իր անդամներին այն միջոցառումների մասին, որոնք վերաբերում են խաղողագործության և գինեգործության ոլորտի արտադրողներին, սպառողներին և այլ մասնակիցներին,

- աջակցել այլ միջազգային կազմակերպություններին (միջկառավարական և ոչ կառավարական)` հատկապես ստանդարտացման գործունեություն իրականացնող կազմակերպություններին,

- աջակցել գոյություն ունեցող գործընթացների և ստանդարտների միջազգային ներդաշնակեցմանը և անհրաժեշտության դեպքում նոր միջազգային ստանդարտների նախապատրաստմանը` բարելավելու խաղողագործության և գինեգործության արտադրանքի արտադրության և շուկայահանման պայմանները և համոզված լինելու, որ սպառողների շահերը հաշվի են առնվել:

 

  1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (ՍԾՏՀ)

 

1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել է գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր ստորագրել են Սևծովյան Տնտեսական Համագործակցության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Կազմակերպությունը կոչված է Սևծովյան տարածաշրջանը տնտեսական համագործակցության միջոցով վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու:

 

Կազմակերպության աշխարհագրությունը ընդգրկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ներառելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ-երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար: 

 

ՍԾՏՀ Կանոնադրությունը չի սահմանում անդամության որևէ պայման, և կազմակերպությունը բաց է այն բոլոր երկրների համար, որոնք հետաքրքրված են անդամակցելու նրան: Սակայն ՍԾՏՀ-ին անդամակցելու համար հավակնորդ երկիրը, համաձայն Կանոնադրության, պետք է ստանա բոլոր անդամ-երկրների համաձայնությունը: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ` Սևծովյան միջազգային ակումբը (International Black Sea Club), Էներգետիկայի խարտիայի քարտուղարությունը (Energy Charter Secretariat), Սևծովյան ավազանի աղտոտման դեմ պաշտպանության հանձնաժողովը (Սևծովյան հանձնաժողով) (Black Sea Commission) և Եվրահանձնաժողովը (European Commission):

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունեցել ՍԾՏՀ-ի Գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական հարցերով աշխատանքային խմբի աշխատանքներին, որոնց ընթացում քննարկվել են գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող հարցեր:

 

 

Print