Պարենային անվտանգություն

ö«G«0250Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:

 

Այն կարևորվում է ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ընդունված բազմաթիվ իրավական ակտերով, որոնցից կարելի է առանձնացնել.

 

- Մարդու Իրավունքների Հռչակագիրը,
- ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման նպատակները,
- «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը,
- «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը»,
- «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը»,
- «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը»,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտենբերի 1-ի N48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը»:

 

Պարենային անվտանգության բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու նպատակով 2011 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մայիսի 18-ի N ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը», որի նպատակն է ապահովել բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել դիմակայելու ներքին ու արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին և հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին:

 

«Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի» հիմնական խնդիրներն են՝

 

1) ագրոպարենային համակարգի բնատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը, մրցունակ ագրոպարենային համակարգի կայացումը և համընթաց զարգացումը,
2) սննդամթերքի ինքնաբավության անհրաժեշտ մակարդակի ապահովումը,
3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման համակարգի արդիականացումը,
4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության մակարդակի բարձրացումը,
5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը,
6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյունավետության բարձրացումը,
7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային ճգնաժամերի կանխարգելումն ու կանխումը,
8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական ռեսուրսների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը,
9) բնակչության սոցիալական ապահովվածության և սոցիալապես խոցելի խմբերի հուսալի պաշտպանվածության ապահովումը
10) հայեցակարգի դրույթներից բխող ծրագրերի համալիր իրագործման ապահովումը:

 

Պարենային անվտանգության ապահովման ուղղություններն են՝

 

1) ագրոպարենային համակարգի զարգացումը,
2) սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը,
3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը,
4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովումը,
5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը,
6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյունավետության կառավարումը,
7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային անվտանգության ապահովումը,
8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական պաշարների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը:
 

 

Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը:

 

Սննդամթերքի ֆիզիկական մատչելիությունը բնակչության գնողունակ պահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապահովումն է:

 

Սննդամթերքի տնտեսական մատչելիությունը բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակ է, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերման հնարավորություն ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան:

 

Երկրի պարենային անվտանգության բնորոշման համար առավել կարևոր ցուցանիշ է պարենամթերքի ինքնաբավության մակարդակը:

 

Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծությունը վկայում է, որ կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը՝ հաշվարկված էներգետիկ արժեքով, կազմում է շուրջ 64 %:

 

Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի, ձվի, ձկան ուղղությամբ, միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ գոյություն ունի խոշոր եղջերավորների մսի և կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բուսական յուղի, թռչնի և խոզի մսի ինքնաբավության մակարդակը  շարունակում է մնալ ցածր:

 

2017 թվականին գյուղատնտեսությունում գրանցվել է 3.0 %-տնտեսական անկում, ընդ որում բուսաբուծությունում գրանցվել է 7.2 % նվազում, իսկ անասնաբուծությունում՝  2.2 % աճ։ Համախառն արտադրանքի նվազումը հիմնականում պայմանավորված է  անբարենպաստ բնակլիմայական գործոնով։ Նշվածի հետ մեկտեղ 2017 թվականին  պտղի և հատապտղի ու խաղողի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը համապատասխանաբար 49.1 և 17.4 %-ով:

 

ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի 2014-2016 թվականների տվյալներով առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հետևյալն է.

 

table-food

Երկրից ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2017 թվականին կազմել է 28.8 %:  2017 թվականին արտահանվել են 644.3 մլն ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 23.4 %-ով:

 

Համաձայն ՀՀ մաքսային վիճակագրության 2017 թվականին հանրապետությունից արտահանվել է 93803.4 տոննա բանջարեղեն, միրգ և կարտոֆիլ, այդ թվում` 57720.0 տոննա պտուղ, որից՝ 25302.6 տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, 4427.1 տոննա խնձոր, տանձ, սերկևիլ և 15268.9 տոննա խաղող, 32005.4 տոննա բանջարեղեն և 4078.0 տոննա կարտոֆիլ:  

 

2017 թվականին մթերվել է շուրջ 180.8 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, այդ թվում` 44.6 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 24.5 հազար տոննա լոլիկ, 25.3 հազար տոննա պտուղ և 110.9 հազար տոննա խաղող:

 

Принт